Գյումրու քաղաքապետն ընդունել է մարզիկներին ու մարզիչներին

Գյումրու քաղաքապետն ընդունել է մարզիկներին ու մարզիչներին

Ապրիլի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է 2016 թվականի Եվրոպայի առաջնություններում ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցած գյումրեցի մարզիկներին ու մարզիչներին: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորել է մարզիկներին ու նրանց մարզիչներին գրանցած արդյունքների համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ առաջիկա մրցաշարերում: Քաղաքապետը պատվոգրեր ու դրամական պարգևներ է հանձնել մարզիկ-մարզիչներին՝ ընդգծելով, որ ակնկալում է օլիմպիական մեդալներ Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերից:

Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մշտապես իրենց կողքին լինելու, ցուցաբերված ուշադրության ու վերաբերմունքի համար, ինչն իր հերթին մեծ խթան է մարզումներն ավելի մեծ թափով շարունակելու և հաջողություններ գրանցելու համար: Մարզիկներն ու մարզիչները խոստացել են հաջորդ մրցաշարերից կրկին վերադառնալ մեդալներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում