Քարդաշյանին ու Պրեսլիին գերազանցելով | Ինչպե՞ս «Լեսթերը» հարստացրեց երկրպագուներին

Քարդաշյանին ու Պրեսլիին գերազանցելով | Ինչպե՞ս «Լեսթերը» հարստացրեց երկրպագուներին

«Լեսթերի» չեմպիոնությունը ոչ միայն ուրախացրել է ֆուտբոլասերներին, այլև նրանցից շատերին հարստացրել է:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ Կլաուդիո Ռանյերիի թիմի չեմպիոն դառնալու գործակիցը 5001 էր: Այն աշխատեց ու բուքմեյքերական երկարաժամկետ կանխատեսումների մեջ ռեկորդային դարձավ: Հաղթանակի մեծությունը գնահատելու համար անդրադարձ կատարենք մյուս երկարաժամկետ կանխատեսումներին: 2016-ին կհայտնաբերվի Լոհ-Նեսսի հրեշը, գործակիցը՝ 501.0: Մինչև 2016-ի ավարտը կպարզվի, որ Էլվիս Պրեսլին կենդանի է, գործակիցը՝ 2001.0: 2020 թվականին Քիմ Քարդաշյանը կդառնա ԱՄՆ նախագահ, գործակիցը՝ 2001.0: Այսինքն, եթե ռոք-ն-ռոլի արքան հայտնվի մարդկությանը, բացահայտվի Լոհ-Նեսս լճի հրեշի առեղծվածը, իսկ մի քանի տարի անց Քարդաշյանը ղեկավարի ԱՄՆ-ն, այդ ֆանտաստիկ իրադարձություններն իրենց դրույքաչափերով չեն գերազանցի Ռանյերիի թիմի սխրանքը:

Այս պահին ժամկետի առումով ռեկորդային է Պիտ Էդվարդսի խաղադրույքը: Բրիտանացին հավատում էր, որ իր թոռը՝ Հարրի Ուիլսոնը երբևէ խաղալու է Ուելսի հավաքականում: Խաղադրույքի չափը 50 ֆունտ էր, իսկ Հարրին այդ ժամանակ հազիվ 1.5 տարեկան էր: «William Hill»-ում 2500 գործակցով համաձայնել էին ընդունել նրա խաղադրույքը: Մունդիալ 2014-ի նախընտրական փուլի Բելգիայի դեմ խաղում Ուիլսոնը դաշտ դուրս եկավ 16 տարեկան 207 օրական հասակում և դառնալով Ուելսի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցեց Գարեթ Բեյլի ռեկորդը, իսկ թոռան ուժերին հավատացող պապը հարստացավ 125.000 ֆունտով: Մինչև այդ, 1969թ. Դևիդ Տրելֆորը 10 ֆունտ խաղադրույքի շնորհիվ 10.000 ֆունտ է վաստակել. նա խաղադրույք է կատարել, որ մինչև 1970թ. մարդը ոտք կդնի Լուսնի վրա:

Զարմանալի չէ, որ «Լեսթերի» չեմպիոնության համար խաղադրույք կատարողները շատ չէին: Հաշվի առնելով գործակցի չափը՝ բուքմեյքերական վճարումները 25 մլն եվրո են կազմել: Ներկայացնենք այն 5 հաջողակներին, ովքեր հավատում էին «Լեսթերի» հաղթանակին:

1. Խլոյա Քոուլ, շահույթը՝ 35.000 ֆունտից ավելի

«Լեսթերի» 21-ամյա երկրպագու Խլոյա Քոուլը որոշեց աջակցել սիրելի թիմին և նրա չեմպիոնության համար 7 ֆունտ խաղադրույք կատարեց, 20 ֆունտով էլ խաղադրույք կատարեց, որ թիմն առաջին վեցնյակում կավարտի մրցաշրջանը: Հիմա Խլոյան 35.000 ֆունտից ավելի գումար ունի:

2. Ջոն Պրայկ, շահույթը՝ 29.000 ֆունտ

Բրիտանացին «Լեսթերի» չեմպիոնության համար 20 ֆունտ էր դրել և բացառապես կատակելու նպատակով, բայց շուտով ամեն ինչ լրջացավ: «Լեսթերը» գլխավորեց մրցաշարային աղյուսակն ու Պրայկը 100.000 ֆունտ վաստակեց: Ջոնին չդիմացավ լարվածությանն ու որոշեց ձեռնունայն չմնալու համար օգտվել cash out (վաղաժամ վճարում) տարբերակից և մրցաշրջանի ընթացքում 29.000 ֆունտով հարստացավ:

3. Լի Հերբերտ, շահույթը՝ 20.000 ֆունտից ավելի

«Լեսթերին» երկրպագող ատաղծագործ Լի Հերբերտն ընդամենը 5 ֆունտ էր դրել թիմի հաղթանակի վրա: Երբ զույգ գարեջրի գինն աչքի առաջ սկսեց աճել ու հասնել 10.000 ֆունտի, Լին բանակցությունների գնաց բուքմեյքերների հետ: Որքան էլ ծիծաղելի կարող է թվալ, նա միանգամից բաժանեց խաղադրույքը. 3 ֆունտը խաղի մեջ մնաց, իսկ 2 ֆունտով Հերբերտը 5000 ֆունտ ստացավ, որն էլ հանգստացրեց նրա լարված նյարդերը: Հիմա Հերբերտի ընդհանուր շահույթը 20.000 ֆունտից ավելի է:

4. Թոնի Սկեֆինգթոն, շահույթը՝ 17.000 ֆունտից ավելի

Բժիշկները կանխատեսել էին, որ «Լեսթերի» ավստրալացի երկրպագու Թոնին պետք է մահանար դեռ անցյալ տարի, բայց նա պայքարեց հիվանդության դեմ՝ ցանկանալով կյանքի վերջում տեսնել սիրելի թիմի հաղթանակը: Ավաղ, կյանքը հաճախ անարդար է: Ապրիլի 20-ին Թոնի Սկեֆինգթոնի սիրտը դադարեց զարկել: «Լեսթերի» չեմպիոնությանը 2 շաբաթ էր մնացել…

Մրցաշրջանի մեկնարկին Թոնին կնոջը խնդրել էր ավստրալական 2 դոլարով խաղարդրույք կատարել Ռանյերիի թիմի չեմպիոնության համար: Գործակիցն այդ ժամանակ նվազել էր, բայց էլի հսկայական էր՝ 3000: Կինը կատարեց խաղադրույք, սակայն 2 դոլարի փոխարեն՝ 20 դոլար: Սկեֆինգթոնների ընտանիքը որոշեց օգտվել cash out տարբերակից և հնարավոր 60.000-ի դիմաց 35.000 ավստրալական դոլար ստացավ:

5. Թոմ Հենքս, շահույթը՝ 500.000 ֆունտ

Հայտնի դերասանն այս ցանկում է, բայց համարենք, որ դուրս է մրցակցությունից: Վերջերս նա հայտարարեց, որ «Լեսթերի» չեմպիոնության համար 100 ֆունտ խաղադրույք է կատարել: Եթե դա ճիշտ է, ապա Հենքսի շահույթը կես միլիոն ֆունտ է կազմել, ու նա գլխավորում է հաջողակների այս շքերթը: Ավելի ուշ դերասանը հայտարարեց, որ, գուցե, կատակել է: Մի կողմից, Հենքսը հայտնի է խաղադրույքներ կատարելու հանդեպ ունեցած սիրով, մյուս կողմից էլ միլիոնների հասնող նրա հոնորարների կողքին 100 ֆունտը ոչինչ է, եթե համեմատենք ատաղծագործ Հերբերտի 5 ֆունտի հետ: 

Վերջում Ջոն Միկլետվեյնի մասին. «Լեսթերի» 53-ամյա բրիտանացի երկրպագուն հայտարարել է, որ ամեն տարի սիրելի թիմի չեմպիոնության համար 25 ֆունտ խաղադրույք է կատարում: Այս տարի ֆինանսական խնդիրների պատճառով նա խաղադրույք չի կատարել ու զրկվել է 125.000 ֆունտ շահույթից: Պարզապես պետք է ցավակցել Ջոնին, իսկ «Լեսթերին» կրկին շնորհավորել չեմպիոնության համար:

Օգտագործված աղբյուր՝ Championat.com:

Հետևեք մեզ նաև Telegram-ում