Լեգենդար իտալացիներ, ովքեր չեն հաղթել Չեմպիոնների լիգայում

Լեգենդար իտալացիներ, ովքեր չեն հաղթել Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկությունը բավականին շուտ ավարտվեց «Յուվենտուսի» և «Ռոմայի» համար, իսկ Ջանլուիջի Բուֆֆոնն ու Ֆրանչեսկո Տոտտին հերթական անգամ զրկվեցին այս մրցաշարում հաղթելու հնարավորությունից: Սա առիթ է հիշելու այն լեգենդար իտալացիներին, ովքեր երբեք չեն հաղթել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:

Դինո Ձոֆֆ
Ակումբները՝ «Ուդինեզե», «Մանտովա», «Նապոլի», «Յուվենտուս»
Ձեռքբերումները՝ Իտալիայի չեմպիոն (6), Իտալիայի գավաթակիր (2), ՈւԵՖԱ-ի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, IFFHS-ի վարկածով 20-րդ դարի 2-րդ դարպասապահ

Իտալական դարպասապահների դպրոցի լեգենդար ներկայացուցիչ, ով Լև Յաշինից հետո 20-րդ դարի լավագույն դարպասապահը ճանաչվեց: «Յուվենտուսի» դարպասը նա ավելի քան 10 տարի պաշտպանեց: Հենց թուրինյան ակումբի կազմում Ձոֆֆը նվաճեց ակումբային խոշոր տիտղոսները… բացի Չեմպիոնների լիգայից:

Դինոյին կարելի է դիտարկել որպես օրինակ Բուֆֆոնի համար, չէ՞ որ Ձոֆֆը միջազգային իր վերջին տիտղոսը 40 տարեկանում նվաճեց: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում ձգտել Աշխարհի առաջնության հաղթանակին: 1982-ին նա դարձավ 40 տարեկան, բայց մնաց Իտալիայի հավաքականի հիմնական դարպասապահը: Եվ ինչպե՞ս կարող էր այդպես չլինել, եթե Ձոֆֆը 1981-82թթ. մրցաշրջանում Իտալիայի առաջնության 30 խաղում ընդամենը 14 գնդակ էր բաց թողել: Էնցո Բեարզոտի թիմում նա ոչ միայն առաջատար էր, այլև հենարան երիտասարդների համար:

Ֆաբիո Կանավարո
Ակումբները՝ «Նապոլի», «Պարմա», «Ինտեր», «Յուվենտուս», «Ռեալ Մադրիդ», «Ալ-Ահլի»
Ձեռքբերումները՝ Իսպանիայի չեմպիոն (2), Իտալիայի գավաթակիր (2), ՈւԵՖԱ-ի գավաթակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (2006)

Կանավարոն համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից է: Չնայած համեստ ֆիզիկական տվյալներին՝ նա, պաշտպանությունում իր գործընկերներին շրջանցելով, արժանացավ «Ոսկե գնդակի»: Կանավարոն աշխարհի ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ դարձավ Մունդիալ-2006-ի շնորհիվ: Գերմանիայում անցկացված առաջնությունից հետո Ֆաբիոն Բեռլինյան պատ կեղծանունը ստացավ:

Իսկ ահա ակումբային մակարդակում Կանավարոյի մոտ ամեն ինչ այդքան էլ փայլուն չէր: Առաջին հերթին, նա 19-ամյա կարիերայի ընթացքում ոչ մի անգամ սկուդետո չնվաճեց, երկրորդ՝ Ֆաբիոյի հարաբերությունները Չեմպիոնների լիգայի հետ այդպես էլ չկարգավորվեցին: Կաննան նույնիսկ եզրափակիչ խաղին չհասավ, թեև կարիերայի ընթացքում խաղաց «Ինտերու», «Յուվենտուսում», «Ռեալում»: ՉԼ-ի լավագույն հաջողությունն իտալացու համար 2002-03 թթ. կիսաեզրափակիչն է: Այդ ժամանակ «Ինտերը» պարտվեց հետագայում գավաթը նվաճած «Միլանին»: Նույնիսկ «արքայական ակումբի» մարզաշապիկով 2006-ի աշխարհի չեմպիոնը բաղձալի գավաթին չհասավ: Ավելին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ մադրիդցիները երկար ժամանակ չէին կարողանում հաղթահարել ՉԼ-ի փլեյ-օֆֆի առաջին փուլը: Ո՞վ գիտե, գուցե պատճառն իտալական «խարիսխն» էր:

Ջուզեպպե Բերգոմի
Ակումբը՝ «Ինտեր»
Ձեռքբերումները՝ Իտալիայի չեմպիոն (2), Իտալիայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիր (3), աշխարհի չեմպիոն

Իտալիան հպարտանում է պաշտպանության գծի ֆուտբոլիստների իր ավանդական դաստիարակությամբ: Ջուզեպպե Բերգոմին ամրապնդում էր 80-ականների վերջի և 90-ականների սկզբի «Ինտերի» պաշտպանությունը: Լեգենդար պաշտպանն իր ամբողջ կարիերան այդ ակումբին նվիրեց և նրա մարզաշապիկով 500-ից ավելի խաղի մասնակցեց: Բերգոմիի խաղը կարդալու, պայքար մղելու, խիստ բնավորության, չզիջելու ունակությունների շնորհիվ «Ինտերը» 3 անգամ ՈւԵՖԱ-ի գավաթակիր դարձավ, իսկ ակումբային ամենաբարձր տիտղոսին Բերգոմին այդպես էլ չհասավ:

Չեմպիոնների լիգայի ոսկու բացակայությունը չի ստվերում այս «լուրջ» պաշտպանի տաղանդը: Բերգոմին նաև մի քանի տարի Իտալիայի հավաքականի ավագն էր: 20-րդ դարի իտալացի լավագույն պաշտպաններից մեկի ակտիվում կա Մունդիալ-1982-ի ոսկե մեդալ, Մունդիալ-1990-ի՝ բրոնզե, ինչպես նաև բրոնզե մեդալ Եվրոպայի 1988 թվականի առաջնությունից:

Ջանլուկա Ձամբրոտա
Ակումբները` «Կոմո», «Բարի», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Միլան», «Կյասսո»
Ձեռքբերումները` Իտալիայի չեմպիոն (3), աշխարհի չեմպիոն

2006-ի աշխարհի ևս մեկ չեմպիոն, ում կարիերայում հզոր ակումբներ են եղել, սակայն ո՛չ «Բարսելոնայի», ո՛չ «Միլանի» և ո՛չ էլ «Յուվենտուսի» հետ Ջանլուկան այդպես էլ Չեմպիոնների լիգայի գավաթակիր չի դարձել: Այս հանգամանքն աչք չծակել չի կարող, քանի որ նա էլ ժամանակին խաղացել է թուրինյան ակումբում այնպես, ինչպես ներկայացված ցանկի շատ ներկայացուցիչներ:

2002-03թթ. Ձամբրոտան «Յուվենտուսի» հետ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ նրանց իտալական մեկ այլ ակումբ՝ «Միլանն» էր սպասում: Ապենինյան հակամարտությունը «Միլանի» օգտին ավարտվեց: Լավ ելույթների փնտրտուքը Ձամբրոտային «Բարսելոնա» տարավ: 2 տարի անց աշխարհի չեմպիոնն ուժերը փորձեց «Միլանում», որը, սակայն, աստիճանաբար կորցնում էր Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի կարգավիճակը:

Ֆրանչեսկո Տոտտի
Ակումբը «Ռոմա»
Ձեռքբերումները՝ Իտալիայի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր (2), աշխարհի չեմպիոն, 2007թ. «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր

Ֆրանչեսկո Տոտտին չի կարող բազմապիսի մրցանակներով հպարտանալ: Նույնիսկ Մարիո Բալոտելին է նրան շրջանցել ակումբային ձեռքբերումների թվով: Արդարության համար պետք է նշել, որ ՉԼ-ի գավաթի բացակայությունը Ֆրանչեսկոյի մեղքը չէ. նա պարզապես հավատարիմ է մնացել «Ռոմայի» գույներին. անհավատալի նվիրվածություն քեզ դաստիարակած ակումբին: Նման երևույթի մեր օրերում դժվար թե հանդիպես, սակայն հռոմեացիներն իրենց հերոսի հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչից հեռու չեն գնացել:

Կրիստիան Վյերի
Ակումբները՝ «Տորինո», «Պիզա», «Ռավեննա», «Ատալանտա», «Յուվենտուս», «Ատլետիկո», «Լացիո», «Ինտեր», «Մոնակո», «Ֆիորենտինա»
Ձեռքբերումները՝ Իտալիայի չեմպիոն, Գավաթակիրների գավաթակիր

Եվս մի տխուր պատմություն, որ կապված է լավագույն ֆուտբոլիստներից մեկի ու Չեմպիոնների լիգայի չնվաճված գավաթի հետ: Վյերին որտեղ էլ որ խաղար, նա հզոր էր, կարողանում էր ճիշտ դիրք ընտրել, հարվածում էր երկու ոտքերով, գլխով էր խաղում և գոլային հնարքներով հիացնում բոլորին: Բոբո-գոլը 1999-ին «Լացիոյի» կազմում հաղթել է Գավաթակիրների գավաթում, բայց ՉԼ-ի իր միակ եզրափակչում դաշտից պարտվողի դերում է հեռացել: 1997-ին եզրափակչին մասնակցում էին նրա «Յուվենտուսն» ու Դորտմունդի «Բորուսսիան»: Մինչև այօր էլ շատերի աչքի առաջ է Կառլ-Հայնց Ռիդլեի դուբլը, երիտասարդ Ալեսսանդրո դել Պյերոյի գնդակը և անկասկած, Լարս Ռիկկենի հրաշք գնդակը:

Ռոբերտո Բաջո
Ակումբները՝ «Վիչենցա», «Ֆիորենտինա», «Յուվենտուս», «Միլան», «Բոլոնյա», «Ինտեր», «Բրեշիա»
Ձեռքբերումները՝ Իտալիայի չեմպիոն (2), Իտալիայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթակիր, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (1993)

Իտալական ֆուտբոլի ևս մեկ լեգենդ, ում կերպարը երկար ժամանակ իսկական թալիսման էր Իտալիայի հավաքականի համար: Աստվածային պոչիկը, ով 1993-ին արժանացավ «Ոսկե գնդակի», աշխարհի երեք առաջնությունների է մասնակցել, բայց ոչ-մի անգամ ոսկե մեդալ չի նվաճել, իսկ Մունդիալ-94-ի ժամանակ Բրազիլիայի դարպասը նրա չխփած գնդակը ծանոթ է ֆուտբոլի ցանկացած գիտակի:

Բաջոն չկարողացավ իր հնարավորությունները դրսևորել մրցանակներ նվաճելու համար: Այս առումով նա Տոտտիին է հիշեցնում: Ինչ վերաբերում է նվիրվածությանը՝ ի տարբերություն Տոտտիի, Բաջոն իր հնարավորություններն շատ ակումբներում է փորձել, սակայն այդպես չի կարողացել փայլել ՉԼ-ում: Եվրոպայի ակումբային ամենահայտնի մրցաշարում Բաջոն ընդամենը 10 հանդիպում է անցկացրել: 1996-97թթ. մրցաշրջանում նա «Միլանի» հետ նույնիսկ խմբից դուրս չեկավ, իսկ արդեն «Ինտերում» Բաջոն հասավ 1/4 եզրափակիչ, բայց պարտվեց այդ նույն մրցաշրջանում չեմպիոն դարձած «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Ջանլուիջի Բուֆֆոն
Ակումբները՝ «Պարմա», «Յուվենտուս»
Ձեռքբերումները՝ Իտալիայի չեմպիոն (9), Իտալիայի գավաթակիր (2), ՈւԵՖԱ-ի գավաթակիր, աշխարհի չեմպիոն

Եվ ահա Իտալիան ներկայացնող թերևս գլխավոր անհաջողակը Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճողների ցուցակում: Նրա կարիերայում Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչ է եղել, բայց 2003-ին նա անհաջող խաղաց 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ, իսկ «Միլանի» դարպասապահ Դիդան նրանից մեկ գնդակ ավելի որսաց, իսկ անցյալ մրցաշրջանում «Բարսելոնան» կանգնեց գավաթի ճանապարհին:

Առանց Չեմպիոների լիգայի գավաթի էլ Ջանլուիջի Բուֆֆոնը պատվով կրում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի տիտղոսը: Դրա մասին են վկայում Մունդիալ 2006-ը, ռեկորդային թվով սկուդետոները, և Իտալիայի առաջնությունում «չոր» խաղերի հավերժ թվացող ռեկորդը: Կատարյալ հաջողության համար Բուֆֆոնին միայն ՉԼ գավաթն է պակասում և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ձոֆֆայի ամենասկզբում ներկայացված պատմությունը խոսում է այն մասին, որ 40-ում էլ կարելի է մեծ բարձունքների հասնել: Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահը դեռ ամենաքիչը 2 տարի ժամանակ ունի տիտղոսները համալրելու համար:

Չեմպիոնների լիգայում լավագույններից լավագույններն են հավաքված, նրանցից յուրաքանչյուրը կարող է իր մասին հիշողություններ թողնել և կարիերան ավարտել լեգենդի կարգավիճակում, բայց միևնույն ժամանակ մնալ առանց եվրոպական ակումբների բաղձալի տիտղոսի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում