Գողությունների զոհ դարձած ֆուտբոլիստները

Գողությունների զոհ դարձած ֆուտբոլիստները

Հիշենք այն դեպքերը, երբ ֆուտբոլիստներն ամենատարածված հանցագործության՝ գողության զոհ են դարձել:

Պիտեր Կրաուչ

Անգլիացի հարձակվողը մամուլի էջերին սովորաբար իր հումորի զգացումը չկորցնելու («Sky»-ի հարցման համաձայն, նա Անգլիայի ամենասրամիտ ֆուտբոլիստն էր) կամ էլ ֆուտբոլային «կասկածելի հաջողությունների» (օրինակ՝ «Լիվերպուլի» կազմում առանց գոլ խփելու անցկացրած 19 խաղ) հետևանքով էր հայտնվում, սակայն Պիտերի անունը երկու անգամ հիշատակվել է նաև քրեական թեմաներում:

2006-ին թալանել էին Կրաուչի՝ Օլդերլի Էդջ գյուղում գտնվող տունը: Նշենք, որ այդ ժամանակ միայն Կրաուչը չէ, որ տուժել էր. մի շարք ֆուտբոլիստների տներ թալանվեցին, նրանց թվում էին Սթիվեն Ջերրարդը, Ռոկե Սանտա Կրուսը:

Պիտերն ու կինը՝ մոդել Էբիգեյլ Քլենսին գողության պահին տանը չեն եղել, բայց շատ լուրջ են արձագանքել կատարվածին ու փոխել են բնակության վայրը: Նոր տունը հեռու չէր հնից՝ կրկին Չեշիր կոմսության տարածքում էր՝ Սենթ-Էնդրյու գյուղում: 2011-ին այն ևս գողերի թիրախում հայտնվեց: Այս անգամ Կրաուչի ընտանիքը որոշեց չտեղափոխվել և կատարելագործեց տան անվտանգության համակարգը: Նրանց կարելի է հասկանալ՝ 4.5 միլիոն ֆունտ արժեցող առանձնատունը՝ որպես շքեղության ու հարմարավետության օրինակ, բազմիցս հայտնվել է մամուլի էջերին:

Ֆրենկ Լեմպարդ

2005-ին «Չելսիի» և Անգլիայի հավաքականի աստղ Ֆրենկ Լեմպարդը հարսնացուի՝ Էլենի հետ բնակարանամուտ էր տոնում. նրանք արվարձանից Լոնդոնի շքեղ առանձնատուն էին տեղափոխվել: Մի քանի օր անց զույգին թալանեցին: Հանցագործները գիշերը կոտրել էին դուռը, գողացել էին առաջին հարկի թանկարժեք իրերը (երկրորդ հարկ չէին բարձրացրել ու չէին արթնացրել տան քնած տերերին) և չէին մոռացել վերցնել երկու մեքենաները՝ «Range Rover»-ը և «Mercedes»-ը:

Պավել Պոգրեբնյակ

2011 թվականի դեկտեմբերի 19-ին «Շտուտգարտի» ֆուտբոլիստը թիմի հետ արտագնա խաղի էր մեկնել, երբ նրա բնակարանը գողի թիրախ էր դարձել: Գողը չէր վախեցել տագնապի ահազանգից, շարունակել էր բռնած գործն ու հանդիպել ֆուտբոլիստի կնոջը՝ Մարիային: Վերջինս հրել էր գողին, որն էլ փախել էր: Մարիան ավելի ուշ խոստովանել է, որ շոկից դուրս գալուց հետո վախեցել է, սակայն դրանից նրա արարքը պակաս խիզախ չի դարձել:

Անխել դի Մարիա

2015-ի փետրվարի 1-ին արգենտինացին կնոջ և աղջկա հետ իր մանչեսթերյան առանձնատան երկրորդ հարկում է եղել, երբ մի քանի անծանոթներ գողության փորձ են կատարել: Գողերը կոտրել էին դուռն ու տուն մտել, բայց փախուստի են դիմել, երբ լսել են անվտանգության համակարգի ազդանշանը: Ընտանիքի անվտանգության համար Անխելը հյուրանոց էր տեղափոխվել: Որոշ ժամանակ անց նա այդ միջադեպն Անգլիայից հեռանալու հիմնական պատճառ անվանեց:

Թոմ Քլևերլի

«Էվերթոնի» ֆուտբոլիստը կողոպուտի է ենթարկվել 2015-ի աշնանը, երբ նրա տուն բեյսբոլի փայտերով զինված երեք հանցագործներ են մտել: Թոմը տանը կնոջ ու 2-ամյա աղջկա հետ է եղել: Տան տերերին ահաբեկելով՝ գողերը 100.000 ֆունտ արժողությամբ իրեր են վերցրել, սակայն, ինչպես ավելի ուշ Թոմն է նշել, այդ պահին իրեն ամենաքիչը գումարն է հետաքրքրել: Բարեբախտաբար, ոչ-ոք չի տուժել:

Իբրաիմ Տրաորե

Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» կիսապաշտպանը թալանվել է Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ վերջին խաղի ժամանակ: Խաղից հետո տուն վերադառնալով՝ նա հայտնաբերել է, որ տունն ավերված է ու անհետացել են բոլոր թանկարժեք իրերը: Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք հանցագործները հայտնաբերվել են:

Յունես Բելանդա

2015-ի մայիսին «Դինամոյի» կազմում հանդես եկող մարոկկացի կիսապաշտպանի բախտը չի բերել՝ նրա դեմքին արցունքաբեր գազ են փչել: Դրանից հետո հանցագործները Բելանդային դուրս են հանել մեքենայից, վերցրել են փողերը, արժեքավոր իրերն ու փախուստի դիմել ֆուտբոլիստի մեքենայով: Դեպքը տեղի է ունեցել Կիևի Պեչերսկ թաղամասում: Երկու շաբաթ անց ոստիկանությունը գտել է գողերին ու ֆուտբոլիստին վերադարձրել առևանգված «Range Rover»-ը:

Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստները

Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած Մունդիալի ժամանակ գողերը մտել են Դուրբանում գտնվող հյուրանոց և երեք սենյակներից գումար հափշտակել: Այդ հյուրանոցում էին իջևանել Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Ճիշտ է՝ խոսքը չնչին գումարի մասին է, իսկ հավաքականի մամուլի խոսնակ Մայքլ Ցապիդիսը հայտարարեց՝ որևէ մեկը ուշադրություն չի դարձրել, բայց անվտանգության նկատառումներով տուժած ֆուտբոլիստների անունները թաքցրին լրագրողներից:

«Նապոլիի» գրեթե բոլոր առաջատարները

Նեապոլը տարօրինակ քաղաք է: Տեղական ակումբների աստղերին պաշտում, բայց նաև թալանում են: Ֆուտբոլիստների վրա հարձակման մեծաքանակ դեպքեր են գրանցվել հատկապես 2011-ին, երբ «Նապոլին» հիանալի մրցաշրջանի արդյունքում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում էր:

Այդ տարվա հոկտեմբերին թալանել են Էդինսոն Կավանիի տունը: Ամեն ինչ առանց բռնության է եղել. հարձակվողը հավաքականի հետ է եղել, երբ Նեապոլի նրա տնից դուրս են բերել բոլոր թանկարժեք իրերը: Դեպքից հետո Կավանին փոխել է բնակության վայրը:

Էսեկիել Լավեսին անձնապես չի տուժել, բայց սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ թալանել են ընկերուհուն՝ Յանինա Սկրեպանտեին: Լուսացույցի ներքո մեքենայով կանգնած աղջկան երկու մարդ է մոտեցել և ատրճանակով սպառնալով՝ գողացել ժամացույցը: Սկանդալն ավելի ուշ հասունացավ, երբ վախեցած աղջիկն այդ մասին գրառում կատարեց «Twitter»-ում: Բովանդակությունը մոտավորապես այսպիսին էր. «Դեռ ասում են, որ Արգենտինայում անվտանգ չէ: Այս գրողի տարած քաղաքում ժամացույցի համար գլխիս ատրճանակ պահեցին»: Ամբողջ Նեապոլը վիրավորված էր և միաձայն դատապարտեց զոհին: Յանինային հորդորեցին այն քաղաքում, որտեղ պաշտում են իր ընկերոջը, մտածել խոսելուց առաջ, իսկ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը նշեց, որ Նեապոլը հայտնի է իր հյուրընկալությամբ: Արդյունքում Լավեսիի ընկերուհին ստիպված եղավ մի քանի անգամ ներողություն խնդրել բոլորից, իսկ ֆուտբոլիստը հաջորդ ամռանը փոխեց ակումբը:

Բոլորից շատ Մարեկ Համշիկը է տուժել: 2008-ին «BMW X6»-ի ղեկին խցանման մեջ եղած ժամանակ գողացել են ֆուտբոլիստի «Rolex» ժամացույցը: Ավելի ուշ, երկու հանցագործներ, փողոցային վաճառողներ ներկայանալով, մտել են Մարեկի պապի տուն ու թանկարժեք իրեր գողացել: 2011-ին թալանել են նաև Մարեկի հղի կնոջը: Վերջինիս մեքենան մոտոցիկլերով շրջափակել են, նրան դուրս են հանել ու գողացել ավտոմեքենան: Ամիսներ անց, արդեն Համշիկի հետ են շատ դաժան վարվել՝ ատրճանակի սպառնալիքով գողանալով մեքենան: Դրանից հետո մամուլը վերջապես սկսեց խոսել մաֆիայի կողմից ակումբի ճնշման մասին, սակայն  նախագահ Լաուրենտիսը հրաժարվեց ֆուտբոլիստներին թիկնապահներ տրամադրել, բայց, ինչպես հետագայում թվաց, նա կարողացավ պայմանավորվածության գալ ու դադարեցնել հարձակումները:

Մեկ տարի անց կիսապաշտպան Վալոն Բեհրամիի ժամացույցը ևս գողացան: Դասական իրավիճակ՝ Բեհրամին մեքենայի ղեկին, շրջապատված մոտոցիկլներով, ատրճանակի սպառնալիքի առկայությամբ: Ցավոք, շվեյցարացուց գողացվածը չեն վերադարձրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում