Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանը, չնայած Ստամբուլում կայացած վարկանիշային վերջին մրցաշարում կրած պարտությանը, Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունի:

Դեռևս ապրիլին Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում Դավիթ Սաֆարյանին չէր հաջողվել ուղեգիր ձեռք բերել, քանի որ այն տրվում էր միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշներին: Այդ մրցաշարի մինչև 65 կգ քաշային կարգում եզրափակիչ էին դուրս եկել Մոհամեդմուրադ Գաջիևը (Լեհաստան) և Անդրեյ Կվյատկովսկին (Ուկրաինա): Երկու ըմբիշների դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել, ինչի հիման վրա Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում քննարկել է այս մարզիկների ուղեգրերը կիսաեզրափակիչ փուլի նրանց մրցակիցներին տրամադրելու հարցը: Կառույցի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մոհամեդմուրադ Գաջիևը և Անդրեյ Կվյատկովսկին որակազրկվել են, նրանց ուղեգրերը տվել են Հայաստանին և Վրաստանին, այսինքն՝ Դավիթ Սաֆարյանին և Զուրաբի Յակոբշվիլուն:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին կմասնակցի 4 մարզիկով. ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում