Խաշմանյան․ Փորձում եմ ֆուտբոլիստներին հասկացնել՝ ոչ մի հարց լուծված չէ

Խաշմանյան․ Փորձում եմ ֆուտբոլիստներին հասկացնել՝ ոչ մի հարց լուծված չէ

Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Արարատ» (0:1) խաղից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ընդգծեց, որ բարդ հանդիպում էր, իսկ մրցակիցը երկու 100 տոկոսանոց գոլային պահ ուներ:

«Մենք նույնպես գոլային պահեր ունեինք, բայց «Ալաշկերտի» պահերն ավելի վտանգավոր էին: «Ալաշկերտը» հարգանքի արժանի մրցակից է, կարծում եմ՝ նրանք չեմպիոն կդառնան, արժանի են դրան: Դարպասապահ Արման Մելիքսեթյանը շատ լավ խաղաց: Վաղուց պետք է նրան վստահեի, երիտասարդ է ու խոստումնալից»,-ասաց Վարուժան Սուքիասյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու էր Գևորգ Պրազյանը բացակայում հայտացուցակից՝ Վարուժան Սուքիասյանն ասաց, որ իր ղեկավարած թիմում այլևս չենք տեսնի այս դարպասապահին. «Մնացածը կորոշի ղեկավարությունը: Միայն 12-13 միավոր կորցրել ենք նրա խաղի պատճառով»:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ևս իր մեկնաբանությունը տվեց. «Մի քանի ռեալ գոլային պահ չօգտագործեցինք։ Արդեն քանի խաղ է՝ փորձում եմ ֆուտբոլիստներին հասկացնել, որ ոչ մի հարց լուծված չէ: Մինչև փաստացի չեմպիոն չդառնաս, չի կարելի նման բաներից խոսել։ Ֆուտբոլն անկանխատեսելի է»։

Հաջորդ տուրում «Ալաշկերտը» մրցելու է Գյումրու «Շրիակի» հետ, որը մրցաշարային աղյուսակում երկրորդն է. «Պատրաստվելու ենք «Շիրակի» հետ կարևոր խաղին։ Ո՛չ իրենք կորցնելու բան ունեն, ո՛չ մենք: Կարծում եմ՝ լավ խաղ կլինի»,- ասաց Արբրահամ Խաշմանյանը։

Խոսելով Միհրան Մանասյանի վնասվածքի մասին՝ Աբրահամ Խաշմանյանն ասաց, որ ֆուտբոլիստը 2 օր է՝ սկսել է թեթև ծրագրով մարզվել․ «Մկանն էր վնասել: Լուրջ վնասվածք է»։

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում