«Audi»-ից մինչև «Bugatti Veyron» | Ռոնալդուի ավտոտնակը

«Audi»-ից մինչև «Bugatti Veyron» | Ռոնալդուի ավտոտնակը

Արդեն ներկայացրել ենք, թե իր ավտոտնակում ինչպիսի մեքենաներ ունի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Այժմ փորձենք ուսումնասիրել ժամանակակից ֆուտբոլի մյուս գերաստղի՝ Կրիշտիանու Ռոնալդուի ավտոտնակը:

«Audi»

Հաշվի առնելով «Ռեալի» և «Audi» ընկերության պայմանագիրը՝ զարմանալի չէ, որ Ռոնալդուն հենց այս ապրանքանիշի մի քանի օրինակ ունի ավտոտնակում: Խոսքը, իհարկե, թանկ մոդելների՝ «Audi R8 2009»-ի, «Audi RS6»-ի, «Audi RS6 Avant 2014»-ի, «Audi Q7»-ի մասին է:

«Mercedes-Benz»

Յուրաքանչյուր հաջողակ աստղի ավտոտնակում կարելի է «Mercedes-Benz» մակնիշի մեքենա գտնել, քանի որ այս ապրանքանիշը հնարավորությունների վկա է: Կրիշտիանուն ևս չի անտեսել գերմանական ապրանքանիշը: Ավելին, նրա հավաքածուն սկիզբ է առել հենց «Mercedes-Benz»-ից, իսկ առաջին մոդելը «C-Class Coupe»-ն է եղել: Կարող է թվալ, թե այս մեքենան շատ հասարակ է մյուսների կողքին, բայց պետք է հաշվի առնել, որ Կրիշտիանուն այն 19 տարեկանում է գնել: 2004 թվականին Ռոնալդուն գնել է նաև «Mercedes-Benz C220 CDI» ավտոմեքենան:

«BMW»

Եթե հավաքածուիդ մեջ «Mercedes-Benz» և «Audi» կա, ապա դրանց կողքին պետք է «BMW» կանգնած լինի: Ռոնալդուն նախընտրությունը տվել է «BMW M6»-ին: Այս մեքենան Ռոնալդուի ավտոտնակում է 2008 թվականից: Արժեքը 94 հազար եվրո է:

«Porsche»

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալու տարիներին Ռոնալդուին հաճախ նկատում էին հենց «Porsche» վարելիս: Ֆուտբոլիստի ավտոտնակում կանգնած են «Porsche Cayenne Turbo»-ն, որն արժեր 80 հազար եվրո և ավելի մարզական և արագընթաց՝ «Porsche 911 Carrera S» կաբրիոլետը:

«Bugatti Veyron»

Գերմանական արտադրողներին հարգանքի տուրք մատուցելուց հետո Ռոնալդուն սկսեց սուպերմեքենաներ գնել: Ռոնալդուի ավտոտնակում հայտնվեց ամենաարագընթաց մեքենաներից մեկը՝ «Bugatti Veyron»-ը, որի առավելագույն արագությունը 431 կմ/ժ է:

«Koenigsegg CCX 11»

Եթե «Bugatti Veyron»-ն ընդունված է համարել առավելագույն արագություն զարգացնող մեքենան, ապա «Koenigsegg»-ի արտադրողները շեշտը դրել են արագացման դինամիկայի վրա: «Koenigsegg CCX 11»-ը առանձնանում է շնորհիվ 100 կմ/ժ, 200 կմ/ժ և 300 կմ/ժ արագություն զարգացնելու կարողության: Բարդ չէ հասկանալ, որ պորտուգալացին արագության սիրահար է:

«Maserati GranCabrio – 2011»

«Maserati» ապրանքանիշը մեծ պահանջարկ ունի ֆուտբոլիստների շրջանում: Կրիշտիանուն ձեռք էր բերել «Maserati GranCabrio» մոդելը: Հրապարակումների համաձայն, Ռոնալդուն այդ մեքենան հավանել է գովազդից ու նույն օրը 150.000 եվրո վճարել այն գնելու համար:

«Ferrari 599 GTO»

Առանց «Ferrari» չէր լինի: Ռոնալդուի ընտրությունը կանգ է առել 599 GTO–ի վրա: Ավտոարտադրող ընկերությունը մոդելի սահմանափակ՝ 599 օրինակ է վաճառքի հանել, իսկ Ռոնալդուն, 320.000 եվրո վճարելով, դարձել է դրա երջանիկ տերերից մեկը:

«Ferrari F430 de 2008»

4 վայրկյանում 100 արագություն զարգացնող, 315 կմ/ժ առավելագույն արագությամբ մեքենան պորտուգալացու համար 217.000 եվրո է արժեցել:

«Aston Martin DB9»

Աշխարհի ամենաարդյունավետ մեքենաներից մեկը՝ «Aston Martin DB9»-ը ևս կարելի է գտնել ֆուտբոլիստի ավտոտնակում: Հավանաբար, բրիտանական արտադրողի առաջարկներով Ռոնալդուն հետաքրքվել է դեռևս «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու տարիներին. անգլիական ակումբի ֆուտբոլիստների շարքում ապրանքանիշը մեծ պահանջարկ ուներ: Հիմա Ռոնալդուն այդ մեքենայով Մադրիդի փողոցներով է երթևեկում:

«Bentley Continental GT Speed»

«Bentley Continental GT Speed»` Բրիտանիայի ևս մեկ ներկայացուցիչ Ռոնալդուի ավտոտնակում: Ժամանակին այս մոդելն ավտոարտադրող ընկերության ամենաարագընթաց մեքենան էր, այդտեղից էլ ծագել է «Speed» մասնիկը: 575 ձիաուժ հզորություն ունեցող մեքենան 4.2 վայրկյանում 100 արագություն է զարգացնում: Ի դեպ հենց այս մեքենայով է սառույցի վրա արագության ռեկորդ սահմանվել՝ 321,65 կմ/ժ:

«Lamborghini Aventador LP 700-4»

Ռոնալդուի ավտոտնակի թերևս ամենաառեղծվածային մեքենան: Այս մեքենան ֆուտբոլիստը չի սիրում ցուցադրել: Ռոնալդուն այն իր 27-ամյակին է ձեռք բերել, երբ մեքենան նոր էր վաճառքի դուրս եկել:

«Rolls-Royce Phantom Drophead Coupe»

Դևիդ Բեքհեմի սիրելի մոդելը ևս առկա է Ռոնալդուի հավաքածուում: Մեքենայի արժեքը 410.000 եվրո է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում