Արթուր Ալեքսանյան․ Օլիմպիական խաղերում չկան թույլ ըմբիշներ

Արթուր Ալեքսանյան․ Օլիմպիական խաղերում չկան թույլ ըմբիշներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ծաղկաձորում Վենեսուելայի և Բուլղարիայի հավաքականների հետ համատեղ հավաք է անցկանում։

Լարված մարզումային օրվանից հետո 98 կգ քաշային, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Sport․times.am-ի հետ զրույցում ասաց, որ Եվրոպայի առաջնությունից հետո ավելի շատ մարզվել է տանը՝ Գյումրիում, այնուհետև մինչև օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մեկնարկը ևս մեկ հավաք է անցկացրել թիմի հետ։

«Իտալիայում կայանալիք մրցաշարից («Միլոնե Տրոֆի Մաթեո Պելիկոնե» մրցաշարը կանցկացվի մայիսի 28-ին իտալական Սասարի քաղաքում-խմբ.) առաջ սա վերջին ծանրաբեռնված մարզումներով հավաքն է։ Չեմ կարող ասել, թե այս անգամ քանի երկիր կմասնակցի այդ մրցաշարին, բայց միշտ էլ բավականին ներկայացուցչական կազմ է ունենում»։

Այն հարցին, թե արդյոք Եվրոպայի առաջնությունում պարտությունից հետո հոգեբանական ինչ-որ խնդիրներ ունեցե՞լ է, Արթուրը պատասխանեց, որ ոչ․

«Հոգեբանական խնդիրներ երբեք էլ չեն եղել, պարզապես Եվրոպայի առաջնությանը լիարժեք չէի պատրաստվել, քանի որ մեջքի ցավեր ունեի։ Հիմա ավելի լավ եմ։ Կարևորը՝ առանց վնասվածնքերի և 100 տոկոսով պատրաստված գնամ Օլիմպիական խաղերին»,- ասաց նա։

Աշխարհի կրկնակի չեմպիոնի համար Օլիմպիական խաղերում չկան թույլ մրցակիցներ․

«Յուրաքանչյուր մարզիկ, ով ձեռք է բերել Ռիո-2016-ի ուղեգիր, արդեն իսկ ուժեղ է։ Ինձ համար էական չէ, թե ովքեր կլինեն իմ մրցակիցները, որ ըմբիշները կլինեն իմ ենթախմբից և ում կհանդիպեմ եզրափակչում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներկայացուցչին՝ ինձ համար կրկին միևնույնն է, թե ով 98 կգ քաշային կարգում կներկայացնի Ռուսաստանը, բոլորի հետ էլ պարաստ եմ գոտեմարտել (98 կգ քաշային կարգում Ռուսաստանը կարող են ներկայացնել Մուսա Եվլոևը, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Իսլամ Մագոմեդովը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռուստամ Տոտրովը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նիկիտա Մելնիկովը-խմբ.)»։

Հարցին, թե ինչպե՞ս կդասավորեր Օլիմպիական խաղերի մրցանակային քառյակը, Արթուրը ժպտալով պատասխանեց․

«Երրորդ տեղում Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին, երկրորդում ՝ Իրանի, իսկ առաջինում՝ ինքներդ գուշակեք»։

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում