Վարդան Բիչախչյան. Հույս ունենք՝ «Միկան» կպայքարի մինչև վերջ

Վարդան Բիչախչյան. Հույս ունենք՝ «Միկան» կպայքարի մինչև վերջ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Շիրակ» (2:3) խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչները հանդիպման վերաբերյալ իրենց մեկնաբանությունը տվեցին:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ասաց, որ դաշտում թելադրող թիմ չկար:

«Վերջին վայրկյանին գոլ ընդունելով՝ բաց թողեցինք այս տուրում չեմպիոն դառնալու հնարավորությունը, սակայն սա է ֆուտբոլը։ Անգամ աշխարհի առաջնություններում են այսպիսի բաներ լինում։ Թիմն անձնուրաց ֆուտբոլ խաղաց, բայց բախտը երես է թեքել մեզանից։ Մնացել է վերջին՝ որոշիչ խաղը։ Ամեն ինչ անելու ենք, որ մեր նպատակին հասնենք: Չեմպիոն դառնալու մեր հնարավորությունները բարձր են»,-ասաց Աբրահամ Խաշմանյանը:

Վարդան Բիչախչյանը կարևորում է այս հաղթանակը. «Փաստացի ապահովեցինք երկրորդ հորիզոնականը և դեռ չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություններ կան։ Ճիշտ է՝ դա միայն մեզանից կախված չէ, բայց հույս ունենք, որ «Միկան» կպայքարի մինչև վերջ, իսկ մենք էլ մեր դաշտում կկարողանանք հաղթել «Արարատին»։ Այս պահից սկսած պատրաստվելու ենք «Արարատի» դեմ խաղին, 3 օր ժամանակ ունենք»։ 

«Շիրակի» գլխավոր մարզիչը կարծում է, որ այս պահին իր թիմը հոգեբանական լավ վիճակում է․ «Ես թիմի հոգեբանությունից չեմ կարող դժգոհել։ Այսօր ֆուտբոլիստները միտված էին հաղթելու։ Սպորտի օրենքն է՝ պետք շարժվես առաջ»:

Վարդան Բիչախչյանը նաև ընդգծեց երկրպագուների գործոնը՝ նշելով, որ նրանք են թիմի շարժիչ ուժը․

«Միշտ նշել եմ, որ մեզ համար երկրպագուների ներկայությունը շատ ցանկալի է։ Ֆուտբոլն իմաստավորողը նրանք են։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ անկախ ճանապարհի երկարությունից, եղանակային պայամաններից նրանք թիմի կողքին են։ Այսօր երկրպագուների անմնացորդ նվիրումն էր ֆուտբոլիստներին ուժ տալիս»,-խոսքը եզրափակեց Վարդան Բիչախչյանը:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում