Մաքսիմ Մանուկյան․ Թերությունները շտկելու փուլում եմ

Մաքսիմ Մանուկյան․ Թերությունները շտկելու փուլում եմ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը երկրորդ փորձից Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել և այժմ մասնակցում է Ծաղկաձորի ուսումնամարզական հավաքին:

Sport.Times.am-ին տված մեկնաբանությունում Մաքսիմը նշեց, որ Մոնղոլիայի համաշախարհային վարկանիշային մրցաշարում ուղեգիր նվաճելուց հետո լրջորեն պատրաստվում է Օլիմպիական խաղերին․ «Այս հավաքին շեշտը դրված է ֆիզիկական մարզումների վրա։ Ես նորմալ մարզավիճակում եմ»։

Մաքսիմ Մանուկյանի հնարքների զինանոցը հարուստ է, սակայն երբեմն նրան խանգարում են շնչառության հետ կապված խնդիրները․ «Աշխատում ենք կարգավորել շնչառությանս հետ եղած խնդիրները։ Հնարքների կատարման հետ կապված նույնպես թերություններ կան, դրանք էլ են շտկման փուլում»:

Մինչ Օլիմպիական խաղերը Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի Իտալիայի Սասարի քաղաքում կայանալիք «Միլոնե Տրոֆի Մաթեո Պելիկոնե» ամենամյա մրցաշարին, որտեղ ցակություն ունի ուժերը չափելու 2015 թվականի աշխարհի չեմպիոն ուկրաինացի Ժան Բելենյուկի հետ. «Մնացած մրցակիցներս էլ հետևում եմ, նայում եմ նրանց գոտեմարտերի տեսագրությունները, բայց առանձնակի ցանկություն ունեմ մրցելու Բելենյուկի հետ»։

Եզրափակելով խոսքը՝ Մաքսիմ Մանուկյանն ընդգծեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի դերը․ «Մեր հավաքականի գլխավոր մարզիչը միշտ ոգևորում է, օգնում ճիշտ խորհուրդներով: Դա անչափ կարևոր է»։

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում