Աբրահամ Խաշմանյան․ Անբացատրելի զգացողություններ ունեմ

Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ 27-րդ տուրի՝ «Միկա»-«Ալաշկերտ» խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, արդեն Հայաստանի չեմպիոնի կոչումով, իր առաջին հարվազրույցը տվեց լրագրողներին՝ ասելով, որ զգացողություններն անբացարտելի են․
«Ֆանտաստիկ է։ Մենք երկար էինք սրան սպասել և արժանի էինք այս հաղթանակին։ Ճիշտ է՝ վերջին խաղերը բարդ ստացվեցին, բայց սա ֆուտբոլ է, և առանց դժվարությունների չի կարող լինել։ 2 տարի շատ ծանր աշխատանք ենք տարել և մեծ գործ ենք արել ամբողջ թիմով՝ նախագահից սկսած։ Բոլորով ամուր ու լավ կոլեկտիվ էինք, որի արդյունքը եղավ այս չեմպիոնությունը»։
Աբրահամ Խաշմանյանը խոստովանեց, որ սա իր կարիերայի լավագույն պահն էր, սակայն չուզեցավ անդրադառնալ տարվա լավագույն մարզիչ դառնալու հեռանկարին․ «Այսօրվա ապրած պահերից հետո դա ինձ համար էական նշանակություն չունի»:
Խոսելով թիմին հոգեբանորեն տրամադրելու մասին` մարզիչն ասաց, որ երբ թիմն անընդմեջ 2 խաղում պարտվում է, հոգեբանական մեծ խնդիրներ են առաջանում. «Բայց մենք ապացուցեցինք, որ կարող ենք ցանկացած դժվար դրությունից դուրս գալ»։
Թիմը երկշաբաթյա արձակուրդ կստանա, որից հետո կսկսի պատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։
«Ցանկանում ենք թիմի կազմը ուժեղացնել, բայց ոչ քանակապես, այլ ընդամենը 2 խաղացողով, քանի որ կա դրա կարիքը։ Ինչ վերաբերում է Հեբեր Արաուխոյին, նա մեզ հետ պայամանագիր ուներ մինչև մրցաշրջանի ավարտը, այս պահին խնդիրը ոչ թե նրա, այլ իր բրազիլական ակումբի և գործակալի հետ է, եթե կարողնանք երկարաձգել նրա պայամանագիրը՝ կմնա մեզ հետ նաև ՉԼ որակավորման փուլի ընթացքում, եթե ոչ՝ ուղղակի շնորհակալություն կհայտնենք իր կատարած աշխատանքի համար»,-ասաց Աբրահամ Խաշմանյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք որոշել է հեռանալ մարզչական աշխատանքից, Արբրահամ Խաշմանյանը պատասխանեց․
«Ոչ մի բան չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ։ ՉԼ որակավորման փուլի ավարտից հետո կհաստատեմ այդ որոշումը։ Եթե դրսից առաջարկ չունենամ, ապա կանցնեմ ակումբում այլ աշխատանքի»,- խոսքը եզրափակեց Աբրահամ Խաշմանյանը: