Չեմպիոնների լիգայի վերջին կանգառը՝ «Սան Սիրո»

Չեմպիոնների լիգայի վերջին կանգառը՝ «Սան Սիրո»

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը հյուրընկալելու է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը:

Ամբողջական անունը՝ «Սան Սիրո», հայտնի է նաև «Ջիուզեպե Մեացա» անունով 
Գտնվելու վայրը՝ Իտալիա, Միլան
Բացումը՝19.09.1925 թ.
Նստատեղերի քանակը՝ 80.018
Տնային թիմեր՝ «Միլան», «Ինտեր» և Իտալիայի հավաքական

Իտալացի երկրպագուներն իրենց լեգենդար մարզադաշտն ունեն: Հանրահայտ «Սան Սիրոն» տնային մարզադաշտ է միանգամից երկու տիտղոսակիր ակումբների՝ «Միլանի» և «Ինտերի» համար: Դժվար է պատկերացնել, բայց արդեն 68 տարի այս արենան հարազատ տան պես է երկու ակումբների համար:

1925-ին Միլանում սկսվեց նոր մարզադաշտի կառուցումը, իսկ 13 ամիս անց երկրպագուները կարողացան այցելել «Nuevo Stadio Calcistico San Ciro»: Արենայի անունը համապատասխանեցվել էր տեղի եկեղեցու անվանը, բայց ավելի ուշ հարկ եղավ այն կրճատելու և դարձնելու «San Siro»:

Մարզադաշտը նման էր մյուս արենաներին, ուներ 4 տրիբունա, իսկ նստատեղերի թիվը 35.000 էր: «Սան Սիրոյում» առաջին խաղն անցկացվեց 1926 թվականի սեպտեմբերի 19-ին «Միլանի» և «Ինտերի» միջև: Ընկերական հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 6:3 հաշվով: Կես տարի անց նոր մարզադաշտում հանդիպում անցկացրեց նաև Իտալիայի հավաքականը՝ ընդունելով Չեխիայի ընտրանուն: Մարզադաշտն ընդամենը 10 տարի մնաց «Միլանի» ղեկավարության տակ, իսկ 1935-ից քաղաքային իշխանությունն այն պետական սեփականություն հռչակեց, 3 տարի անց էլ մարզադաշտը վերափոխվեց, նստատեղերի թիվը հասավ 65.000-ի:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը նորից կենդանություն ստացավ: Քաղաքային իշխանությունն «Ինտերին» առաջարկեց փոքրիկ «Arena Napoleonica»-ն փոխարինել «Սան Սիրոյով»: Այդպես, 1947-ից մինչև այսօր «Սան Սիրոն» միանգամից երկու ակումբի տնային մարզադաշտն է: 1955թ. հերթական վերնորոգումներն իրականացվեցին, ինչի արդյունքում ավելացվեց տրիբունաների երկրորդ շարքը: Դա թույլ տվեց նստատեղերի թիվը հասցնել 82.000-ի:

1979-ին մարզադաշտը նոր անուն ստացավ՝ «Ջուզեպե Մեացա», իտալացի տաղանդավոր ֆուտբոլիստի՝ երկրի հավաքականի, «Ինտերի» և «Միլանի» նախկին խաղացողի պատվին: Չնայած դրան, «Միլանի» երկրպագուներից շատերը մարզադաշտը շարունակում են «Սան Սիրո» անվանել, իսկ «Ինտերի» երկրպագուները հավատարիմ են նոր անվանը:

1990-ը «Սան Սիրոյի» համար նշանակալի դարձավ, քանի որ Իտալիան ընդունեց Մունդիալը: Նոր արենա չկառուցելու համար իտալացիները վերակառուցեցին «Ջուզեպե Մեացան»: Մարզադաշտը համալրվեց տրիբունաների երրորդ շարքով, ինչն էլ նստատեղերի ընդհանուր թիվը հասցրեց 85.000-ի: Ավելի ժամանակակից տեսքի բերվեց նաև տանիքը, նոր սյուներ ավելացվեցին: Վերանորոգումը 70 մլն եվրո արժեցավ:

90 տարիների ընթացքում մարզադաշտը հետաքրքիր շատ իրադարձությունների ականատես է դարձել, օրինակ՝ Մունդիալ 1934 և 1990, Չեմպիոնների գավաթի 1965 և 1907 թվականների եզրափակիչները, 2001 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, հանրահայտ շատ խմբերի համերգներ, իսկ այսօր՝ կրկին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հետարքրիր փաստեր

  • 1980-ի հունիսի 27-ին Բոբ Մարլին Իտալիայում իր միակ համերգն ունեցավ «Սան Սիրոյում»: Երգչին լսելու համար 90.000 մարդ էր հավաքվել:
  • Մարզադաշտում  «Միլանն» ու  «Ինտերն» իրենց առանձին թանգարաններն ունեն:
  • Մարզադաշտի տարածքում՝ հյուսիսային տրիբունայի հետևում, ձիարշավարան կա:
  • Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո մարզադաշտի նստատեղերի թիվը կկրճատվի՝ հասնելով 56.000-ի: Երրորդ շարքի բոլոր սեկտորները կապամոնտաժվեն, կմնա երկու շարք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում