«Բանանցում» ֆուտբոլային տոն էր

«Բանանցում» ֆուտբոլային տոն էր

«Բանանց» ֆուտբոլային ակումբը հերթական միջոցառումն էր կազմակերպել։ Այն մեկնարկեց առավոտյան 9։00-ին։ Ակումբի մարզաբազայում «Բանանցի»` տարբեր տարիքի սաներ մրցում էին մի քանի խաղադաշտերում, իսկ ծնողներն ու պարզապես ֆուտբոլասերները հնարավորություն ստացան ծանոթանալու ակումբի ենթակառուցվածքներին, շրջելու մարզաբազայով։

Փոքրիկ ֆուտբոլսերների համար հատկապես հետաքրքրական էր լուսանկարվել Հայաստանի գավաթի հետ և ինքնագրեր վերցնել գավաթակիր ֆուտբոլիստներից։
Միջոցառման վերջնամասում «Բանանցի» գլխավոր դաշտում 50 տարբեր տարիքի ֆուտբոլիստներ, ովքեր «Բանանցի» սաներ էին, 15 րոպեանոց հանդիպում անցկացրին բարձրագույն խմբի թիմի հետ։ Փոքրիկ ֆուտբոլիստներն իրենց բավական լավ դրսևորեցին և անգամ մի պահ 2 գնդակի առավելությամբ առաջ էին հաշվի մեջ։ Ի վերջո փորձն իրենն ասաց, և հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով։

Հանդիպումից հետո «Բանանցի» ավագ, դարպասպահ Ստեփան Ղազարյանը Sport.Times.am-ի թղթակցին ասաց, որ հիանալի տպավորություններ ունի։ Այսօր դաշտում իր հետ էր խաղում կրտսեր որդին․

-Շատ ուրախացա և վերապրեցի մանկությունս։ Ես էլ փոքր ժամանակ երազանք ունեի՝ խաղալ ազգային հավաքականի ֆուբոլիստների հետ։ Ի դեպ, փոքրիկները բավականին լավ խաղացին, շատ արագաշարժ են։ Արդեն նկատվում են բազմաթիվ տաղանդավոր երեխաներ։

«Բանանցի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վահագն Այվազյանը պատմեց, որ երբ իրենք էին փոքր, այսպիսի միջոցառումներ չէին կազմակերպվում․

-Մենք ուղղակի գալիս էինք պարապմունքի և գնում տուն, այժմ շատ ողջունելի է, որ «Բանանցը» այսպիսի միջոցառումներ է կազմակերպում, քանի որ սրանով նաև մասսայականցվում է հայկական ֆուտբոլը։ Այսօր ինձ համար շատ հետաքրքիր էր երեխաների հետ մրցելը։

Ղազարյան Համլետը 13 տարեկան է, և 8 տարի է, ինչ ֆուտբոլ է խաղում․

-Կենտրոնական կիսապաշտպան եմ, երկրպագում եմ Մադրիդի «Ռեալին», իսկ սիրելի ֆուտբոլիստս Խամես Ռոդրիգեսն է։ Շատ հետաքրքիր էր խաղալ բարձրագուն խմբի ֆուտբոլիստների հետ, նրանից հատկապես շատ եմ հավանում Պետրոս Ավետիսյանի խաղը։

Տոնական միջոցառման ավարտին պատվոգրեր և նվերներ բաժանվեցին փոքրիկ ֆուտբոլիստներին, և նրանց մասնակցությամբ պատրասատված հոլովակ ցուցադրվեց։
Մեզ հետ զրույցում ակումբի մամուլի խոսնակ Դավիթ Գալստյանը ասաց, որ այս կերպ նրանք նշեցին ֆուտբոլային տարվա փակումը․

-Մեր նպատական է բոլորին տեղկացնել, որ այստեղ՝ Երևանում, կա մի տեղ, ուր միշտ ֆուտբոլային մթնոլորտ է տիրում։ Մենք ամեն ինչ անում ենք երկրպագուների ու ֆուտբոլասերների հետ ամուր կապ ստեղծելու համար։

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում