Մեսսին և նրա հայրը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը

Մեսսին և նրա հայրը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հարկերից խուսափելու գործի առնչությամբ ցուցմունք է տվել դատարանում։

«Ես պարզապես ֆուտբոլ եմ խաղացել և ոչինչ չեմ իմացել»,-«BBC»-ի հաղորդմամբ ասել է Մեսսին, ով դատական գործի պատճառով հեռացել է Արգենտինայի հավաքականի մարզաբազայից և վերադարձել է Բարսելոնա։

Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Օրասիո Մեսսին մեղադրվում են Իսպանիայում 4․1 մլն եվրո հարկ չվճարելու մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի, գովազդային պայմանագրերից ստացած եկամուտները ծածկելու նպատակով նրանք օգտագործել են Ուրուգվայում և Բելիզեում գտնվող օֆշորային կազմակերպությունները։

28-ամյա ֆուտբոլիստը դատարանում ասել է, որ պայմանագրերը ստորագրելիս չի կարդացել դրանք, քանի որ վստահել է հորը և իր ֆինանսական խորհրդատուներին․ «Ինձ հետաքրքրել է միայն ֆուտբոլը»,-ասել է Մեսսին։

Մեսսիի ցուցմունքը տևել է մոտ 15 րոպե։ Նա նաև նշել է, որ պարզապես չի կարող պատկերացնել, թե հայրն անօրինական գործարքներ է կատարել։ Խորխե Օրասիո Մեսսին ևս չի ընդունել առաջադրված մեղադրանքը։

Մեսսիի իրավապաշտպաններն ընդգծել են, որ ֆուտբոլիստը տեղյակ չի եղել, թե ինչ պայմանագրեր է ստորագրում, սակայն Բարսելոնայի Բարձրագույն դատարանը հայտարարել է, որ Լիոնելը չի կարող խուսափել հնարավոր պատժից միայն այն պատճառով, որ չի կարդացել փաստաթղթերը և վստահել է իր ներկայացացուցիչներին։

Իսպանիայի հարկային ծառայությունը պահանջում է, որ հայր և որդի Մեսսիներն ազատազրկվեն, վճարեն հարկերը և խոշոր տուգանքներ։ Դատական լսումները սկսվել են մայիսի 31-ին և շարունակվելու են հաջորդ շաբաթվա ընթացքում։ Դատարանն ուսումնասիրում է ֆուտբոլիստի և «Banco Sabadell», «Danone», «Adidas», «PepsiCo», «Procter & Gamble», «Kuwait Food» ընկերությունների հետ պայմանագրերը։

Հավելենք, որ Մեսսին Իսպանիայի քաղացիություն է ստացել 2005 թվականին։ «Forbes»-ի տվյալներով, միայն անցյալ տարվա ընթացքում Մեսսին վաստակել է 74 մլն դոլար և աշխարհի ամենահարուստ մարզիկների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում