Մահացել է Մուհամեդ Ալին

Մահացել է Մուհամեդ Ալին

74 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին։

Հունիսի 1-ին Ալին տեղափոխվել էր հիվանդանոց շնչառական սուր խնդիրներով։ Երկու օր անց հայտնի էր դարձել, որ նա մահամերձ է։ Վիճակը ծանրացել էր Պարկինսոնի հիվանդության պատճառով, որը նրա մոտ հայտնաբերվել էր 1984 թվականից։ 

Մուհամեդ Ալին (Մուհամադ Ալի) ծնվել է 1942թ. հունվարի 17-ին Լուիսվիլում։ Նրան անվանակոչել են Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր։

Ալին 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով «Sports Illustrated» ամասագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը: 1974 թվականին մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»: Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990):

Մուհամեդ Ալին ծանր քաշային կարգում անցկացրել է 61 մենամարտ, տարել 56 հաղթանակ, որից 37-ը՝ նոկաուտով։

1964թ. փետրվարի 25-ին մրցամարտում հաղթելուց հետո նա միանում է Դեթրոյթում ստեղծված «Իսլամի ազգ» կրոնական շարժմանը, 1975 թվականին դառնում է սուննի մուսուլման և փոխում է անունը Կասիուս Իքս, այնուհետև՝ Մուհամմեդ Ալի: 1967 թվականին՝ աշխարհի ծանրքաշային չեմպիոն հռչակվելուց, Ալին հրաժարվում է միանալ ԱՄՆ զինված ուժերին, որն այդ ժամանակ մասնակցում էր Վիետնամի պատերազմին, ինչի պատճառով որակազրկվում է 3 տարով, ինչպես նաև զրկվում նվաճած տիտղոսներից: Ալին դեմ էր պատերազմին և այդ ժամանակ ասել է իր հռչակավոր նախադասությունը. «Ես էդ Վիետ Կոնգի հետ կռիվ չունեմ․․․ դրանցից ոչ մեկն ինձ երբևէ նեգր չի անվանել» (անգլ.՝ “I ain’t got no quarrel with them Viet Cong․․․ No Viet Cong ever called me nigger”):

«Իմ թշնամին սպիտակ մարդիկ են, ոչ վիետնամցիները, չինացիները կամ ճապոնացիները։ Դուք ընդդիմանում եք, երբ ես ազատություն եմ ուզում։ Դուք ընդդիմանում եք, երբ ես արդարություն եմ պահանջում։ Դուք իմ հակառակորդն եք, երբ ես հավասարություն եմ ուզում։ Դուք նույնիսկ իմ կողքին չեք կանգնում Ամերիկայում իմ կրոնական հայացքների համար, և ուզում եք, որ գնամ ինչ-որ տեղ ու կռվեմ, բայց անգամ այստեղ՝ տանը, դուք ինձ չեք աջակցում»։

Այդ խոսքերով Ալին մեծ բողոքի ալիք է բարձրացնում երիտասարդ ամերիկացիների շրջանում, ովքեր դեմ էին Վիետնամի դեմ մղվող պատերազմին: Ալիի խոսքերն իրենց հերթին ներշնչանքի աղբյուր են դառնում սևամորթների իրավունքների նշանավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգի համար:

Վերադառնալով մարզաշխարհ՝ նա ետ է նվաճում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ պայքարելով «բռնցքամարտի ոսկե դարաշրջանի» լավագույն բռնցքամարտիկների դեմ:

Ալիի անունը կապվում է բռնցքամարտի պատմության մի շարք մեծագույն մարտերի հետ: Այդպիսի պատմական հանդիպումներից առանձնանում են նրա և Ջո Ֆրեյզերի միջև տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպես նաև նրա ու Ջորջ Ֆորմանի մարտը, որտեղ նա 7 տարի անց ի վերջո հետ է նվաճում կորցրած տիտղոսները:

Մարզական գործունեությունը վերջացնելուց հետո Ալին զբաղվել է հասարակական և բարեգործական գործունեությամբ, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008):

1999 թվականին «Sports Illustrated» հանդեսի կողմից Ալին ճանաչվում է «Դարի մարզիկ», իսկ BBC-ի կողմից՝ «Դարի սպորտային անձ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում