2015-16թթ․ մրցաշրջանի թոփ-20 երիտասարդ ֆուտբոլիստները

2015-16թթ․ մրցաշրջանի թոփ-20 երիտասարդ ֆուտբոլիստները

2015-16թթ․ մրցաշրջանի ընթացքում հնարավորություն ունեցանք հետևելու ոչ միայն կայացած աստղերի տպավորիչ ելույթներին, այլև երիտասարդների հաստատուն քայլերին։ Ներկայացնում ենք 1995-ի հունվարի 1-ից հետո ծնված, այսօր Եվրոպայում հանդես եկող 20 լավագույն ֆուտբոլիստներին:

20. Անվար Էլ-Գազի («Այաքս») – 37 խաղ, 11 գնդակ և 2 գոլային փոխանցում

Հերթական տաղանդավոր հոլանդացին, ով արմատներով Մարոկոյից է։ Մեծ ակումբների սկաուտները սովորել են բացահայտել նման ֆուտբոլիստների: Եթե նախկինում 21-ամյա Անվարի մոտ միայն դրիբլինգն էին հաջողվում, ապա հիմա նա լավ է խաղում նաև գլխով, շեշտակի է հարվածում դարպասին (11 գնդակ Հոլանդիայի առաջնության 27 խաղում): Էլ-Գազին երկար մտորել է՝ Մարոկոյի՞, թե՞ Հոլանդիայի կազմում խաղալ, և ասում են՝ հետևել է իր ֆուտբոլային կուռքի՝ Կրիշտիանու Ռոնալդուի խորհրդին: Վերջինս օգնել է նրան ընտրության հարցում․ հիմա Անվարը հանդես է գալիս Հոլանդիայի հավաքականում։

19. Անդրիա Ժիվկովիչ («Պարտիզան») – 27 խաղ, 12+7

Դրագան Ջաիչի փառքի հետնորդը հիանալի մրցաշրջան է անցկացրել: 19-ամյա ֆուտբոլիստը իրավունք է վաստակել դառնալու սերբական թիմի առաջատարը և հիմա տրանսֆերային շուկայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից է: Ամենահնարավոր ակումբը, որտեղ կարող ենք տեսնել Անդրիային, «Բորուսսիան» է: Նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում փայլել է արագությամբ, ճկունությամբ ու վառ դրիբլինգով: Ֆուտբոլիստը լավ հանդես եկավ նաև Եվրոպայի լիգայում, որի 5 խաղում 4 գնդակ խփեց:

18. Ջանլուիջի Դոնարումա («Միլան») – 31 խաղ, 30 բաց թողած գնդակ

Աշնանը Ջանլուիջին շրջանցեց ոչ թե պատահական մեկի, այլ հենց իր՝ Բուֆֆոնի ռեկորդը և դարձավ Ա Սերիայում նորամուտը նշած ամենաերիտասարդ դարպասապահը: Հետո արեց այն, ինչն այդպես էլ չհաջողվեց Իկեր Կասիլյասին՝ Դիեգո Լոպեսին նստեցրեց պահեստայինների նստարանին: Մրցաշրջանում 31 հանդիպում անցկացնելով՝ Ջանլուիջին 11 խաղում գնդակ բաց չթողեց: Հաշվի առնելով նրա տարիքը (փետրվարին դարձել է 17)՝ նման հաջողությունները չեն կարող չտպավորել:

17. Յուլիան Բրանդտ («Բայեր») – 44 խաղ, 10+6

Մրցաշրջանի կեսերին գերմանացի փորձագետներն իրենք իրենց հարց էին տալիս՝ ի՞նչ է պատահել գերմանական գլխավոր տաղանդի հետ, քանի որ Յուլիանի խաղում դադարել էին առաջընթաց նկատել: Մարտին կիսապաշտպանը կրկին արթնացավ: «Շտուտգարտի» դարպասը խփած գնդակից հետո վերջին 7 խաղում նա 6 գնդակ խփեց և 3 գոլային փոխանցում կատարեց: Լևերկուզենցիները ոգեշնչվեցին Բրանդտի խաղով և 7 խաղում հաղթելով՝ Բունդեսլիգայի երրորդ հորիզոնականը զբաղեցրին: Բրանդտը տպավորություն գործեց նաև Յոահիմ Լյովի վրա և ընդգրկվեց Գերմանիայի հավաքականի Եվրոպայի առաջնության ընդլայնված հայտացուցակում։

16. Ռիխեդլի Բազուր («Այաքս») – 39 խաղ, 5+4

Աշխարհի ամենատաղանդավոր հենակետային կիսապաշտպաններից մեկը համապատասխան մրցաշրջան անցկացրեց: Այս տղային հետևում են աշխարհի լավագույն ակումբները: Բազուրը ֆանտաստիկ որակներ ունի, հարուստ տեխնիկա և հուսալիություն: Ռիխեդլին այն երիտասարդներից է, ով ոչ թե ֆուտբոլային ակադեմիայում, այլ փողոցում է ֆուտբոլ խաղալ սովորել: Բակային ֆուտբոլը նրան սովորեցրել է պայքարել մինչև վերջին ակնթարթը։

15. Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 18 խաղ, 8+2

Փետրվարին Ռաշֆորդի խաղն ապշեցրեց ամբողջ Անգլիային՝ փաբերում ժամանակ անցկացնողներից մինչև հավաքականի գլխավոր մարզիչ։ Լուի վան Գալը նրան վստահեց «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվողի պարտականությունները, իսկ Ռոյ Հոջսոնը 18-ամյա հարձակվողին Ֆրանսիա է տանում։ Անգամ Ռունիի վերադարձը նրա կարգավիճակի վրա որևէ ազդեցություն չունեցավ. Մարկուսն ամրապնդվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծում: Արագությունը, գոլային հոտառությունը և ֆուտբոլային ինտելեկտը նրան աշխարհի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկն են դարձնում:

14. Լեոն Գորեցկա («Շալկե-04») – 34 խաղ, 2+3

Ռուրում նրան «հարյուրամյակի տաղանդ» են անվանում ու չեն սխալվում: 21 տարեկանում նա «Շալկեի» առաջատարներից է, թիմի շարժիչն ու ուղեղը: Նա թիմային խաղ է ստեղծում և կարողանում է ամեն տարվա հետ կատարելագործվել: Եթե Լեոնը վնասվածքներ չունենար, վաղուց Գերմանիայի լավագույն կիսապաշտպաններից կլիներ ու կկարողանար հպարտանալ աշխարհի չեմպիոնի տիտղոսով:

13. Կելեչի Իխեանաչո («Մանչեսթեր Սիթի») – 35 խաղ, 14+4

19-ամյա նիգերիացին ապացուցեց՝ իզուր չեն Ջեկոյին Հռոմ ուղարկել: Իխեանաչոն միանգամայն պատրաստ է փոխարինել Բոնիին, ով ավելի քիչ է աչքի ընկել։ ԱՊԼ-ում Իխեանաչոն գոլեր է խփել խաղավարտին դաշտ դուրս գալուց հետո և մի շարք դեպքերում իր թիմին փրկել է պարտությունից։ Սա որակ է, որով ոչ բոլոր բարձրակարգ հարձակվոները կարող են հպարտանալ:

12. Անտոնիո Սանաբրիա («Սպորտինգ Խիխոն») – 30 խաղ, 11+1

Պարագվայցի կենտրոնականը հիանալի մրցաշրջան անցկացրեց Խիխոնում, դարձավ թիմի լավագույն ռմբարկուն և մի քանի հեթ-տրիկի հեղինակ: Նա իսպանական առաջնության հետնապահների հիմնական կազմում ամրապնդվեց և ստիպեց աշխարհի առաջատար ակումբներին մտածել իր մասին։ 20-ամյա հարձակվողը փայլում է հատկապես դիրքի ընտրությամբ, գոլային հոտառությամբ և օդային պայքարով։

11. Յուլիան Վայգլ («Բորուսսիա Դորտմունդ») – 51 խաղ, 0+1

Յուլիան Վայգլը գերմանական մրցաշրջանի հայտնություններից է: 19 տարեկանում նա «Մյունխեն-1860»-ի ավագն էր, բայց որևէ մեկը չէր պատկերացնում, որ Յուլիանն այդքան հեշտությամբ կտեղափոխվի «Բորուսսիա»: Նա ասես չնկատեց երկրորդ ու առաջին Բունդեսլիգաների միջև եղած տարբերությունը։ 20 տարեկանում փոխանցումների 92% ճշգրտություն․․․ Դե ինչ, Յուլիա՛ն, աստիճանաբար պատրաստվիր Գերմանիայի հավաքականի առաջատարը լինել։

Շարունակելի․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում