Եվրո-2016․ Ֆավորիտ Գերմանիան և C խմբի մյուս հավաքականները

Եվրո-2016․ Ֆավորիտ Գերմանիան և C խմբի մյուս հավաքականները

Մեծամասնությունը գիտի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939թ. սեպտեմբերի 1-ին, երբ գերմանական զորքը հարձակվել է Լեհաստանի վրա: Այս երկրների հավաքականների ճանապարհը զարմանալիորեն խաչվում է ֆուտբոլային խոշորագույն առաջնությունների ժամանակ: Անցյալ դարի կեսերին ֆաշիստական Գերմանիան սարսափ էր հարուցում ամբողջ աշխարհում, իսկ այսօր լավ իմաստով նույնն անում են երկրի հավաքականի ֆուտբոլիստները: Նորից անցյալ դարի սարսափներին վերադառնալով՝ մեկ այլ համեմատական անցկացնենք. Գերմանիային մեկ ամսից մի փոքր ավելի է պետք եղել Ֆրանսիայի տարածքները գրավելու համար: Փարիզում գերմանացի ֆուտբոլիստները նույնքան ժամանակ ունեն հաղթական գավաթը նվաճելու համար։

Հիմա թողնենք պատմությունն ու վերադառնանք այն տոնին, որ հաշված օրեր անց մեզ է այցելելու Փարիզից: Ծանոթանանք Եվրոպայի առաջնության C խմբին:

Գերմանիա

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականը 1972 և 1974 թվականներին հաղթել է համապատասխանաբար Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում: Կկարողանա՞ Բունդեսթիմն այդ նույն տարբերությամբ հաղթել նաև այս անգամ: Ֆիլիպ Լամն այլևս հավաքականում չէ, ավագի դերում նրան փոխարինող Բաստիան Շվայնշտայգերը ևս հայացքը կարիերայի մայրամուտին է նետել, իսկ երկրպագուները նախընտրական փուլի սկզբում երկու անգամ հիասթափվեցին Լեհաստանի և Իռլանդիայի դեմ խաղերի արդյունքից: Որպես դրական կողմ՝ նշենք թիմում երիտասարդ աստղերի առկայությունը: Լավագույն մրցաշրջանն անցկացնող Թոմաս Մյուլլերն ու թիմակիցները փորձելու են երկրպագուներին ստիպել դադարել հուսահատվել միջազգային կարիերան ավարտած Միրոսլավ Քլոզեի բացակայության համար: Այս ամենը հաշվի առնելով՝ Եվրոպայի առաջնությունում Գերմանիան միայն մեկ նպատակ կարող է ունենալ։

Լեհաստան

Զբիգնև Բոնեկից հետո լեհերը չունեին այնպիսի ֆուտբոլիստ, ով կարող էր շարժել ամբողջ Եվրոպայի նախանձը: Այդպես էր մինչև վերջերս, իսկ հիմա Ռոբերտ Լևանդովսկին Եվրոպայի լավագույն հարձակվողներից է: Նույնիսկ Մարկո վան Բաստենի տեխնիկայի և էլեգանտության հետ համեմատությունը չափազանցություն չի համարվում։ Ինչպիսի դերակատարություն Զլատան Իբրահիմովիչն ունի Շվեդիայի հավաքականում, իսկ Գարեթ Բեյլը՝ Ուելսի, այդպիսին էլ Լևանդովսկին է լեհերի համար։ Սակայն սխալ կլինի ասել, թե այս հավաքականներում ամեն ինչ միայն նշված ֆուտբոլիստներից է կախված։

Լեհաստանի հավաքականից Կամիլ Գլիկը «Տորինոյի» կազմում հիանալի մրցաշրջան է անցկացրել և Ֆրանսիայում կարող է ամբողջ ձայնով հայտարարել իր մասին: Յակուբ Բլաշիկովսկին նախկինի պես հսկայական աշխատանք է կատարում այն դեպքում, երբ Կրիխովյակը ներկայացնում է վերջին ժամանակների եվրոպական ամենահաջողակ ակումբի՝ «Սևիլյայի» կիսապաշտպանության սիրտը: Այնպես որ՝ պետք չէ կարծել, թե այս թիմն առանց ողնաշարի մի քանի մկան ունի միայն:

Ուկրաինա

Եթե Եվրոպայի տնային առաջնությունը հաշվի չառնենք, ուկրաինացիներն այս առաջնությանը երբեք որակավորման փուլը հաղթահարելով չեն մասնակցել: Չէին անի նաև այս անգամ, եթե մրցաշարն իր դռները լայնորեն չբացեր մեծաթիվ հավաքականների համար: Ամեն դեպքում, չի կարելի թերագնահատել Սլովենիայի դեմ անցումային խաղի արդյունքում ուղեգիր նվաճած ընտրանուն։ Անդրեյ Շևչենկոն վաղուց ուկրաինացիների շարքում չէ, բայց մայրցամաքի անգամ ամենալավ պաշտպաններին հեշտ չի լինի, օրինակ, Եվգենի Կոնոպլյանկայի և Անդրեյ Յարմոլենկոյի հետ պայքարում։

Հյուսիսային Իռլանդիա

Առաջնության որակավորման փուլի հանելուկային պատմություններից մեկը, և Եվրոպայի առաջնությանը մասնակցելու 30 տարվա սպասումներին վերջ տրվեց: Հյուսիսային Իռլանդիան Եվրոպայի առաջնությանը կմասնակցի որպես ամենացածր վարկանիշ ունեցող թիմ: Մայքլ Օ՛Նիլի տղաների հետ առանձնակի հույսեր չեն կապում, սակայն հյուսիսիռլանդացիները համակարգված պաշտպանությամբ կարող են լարվածություն առաջացնել այս խմբում։

Խաղ, որն անպայման պետք է դիտել՝ Ուկրաինա-Լեհաստան

Հնարավոր է, որ այս քառյակի ամենալարված խաղը վերջում տեղի ունենա: Հյուսիսիռլանդացիների հարգելով հանդերձ՝ պետք է նկատել, որ նախորդ առաջնությունը հյուրընկալողները ոչինչ չեն խնայի երկրորդ տեղի համար պայքարում: Մարսելն այդ ներկայացման համար կատարյալ դեկորացիա է: Լեհերն ուկրաինացիներին 2000-ից ի վեր չեն հաղթել: Այս հավաքականների դիմակայությունը դժվար է սկզբունքային համարել, բայց երբ պարգևը փլեյ-օֆֆի ուղեգիրն է, ցանկացած հանդիպում կարող է մարտական լինել:

Գլխավոր անհատական դիմակայությունը՝ Ռոբերտ Լևանդովսկին ընդդեմ Մանուել Նոյերի

Անխոս, այստեղ պետք է խոսել Լևանդովսկու և «Բավարիան» ներկայացնող, Գերմանիայի հավաքականում հանդես եկող նրա խաղընկերների միջև հակամարտության մասին: Հատկապես հետաքրքական կլինի հարձակվողի և դարպասապահի մենամարտը: Գերմանացիները հիանալի գիտեն, թե Ռոբերտը որքան վտանգավոր է, իսկ լեհ հարձակվողը գիտի դուրս գալ փոխարինման ու 9 րոպեում 5 գնդակ խփել, ընտրական փուլում գոլ խփել Նոյերին: Գլխավոր փորձն արված է, սպասում ենք վերջնական խաղին։

C խմբի հավաքականների հայտացուցակները

Նախորդ հրապարակումներ՝

Խմբային փուլի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում