Մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Ռուսաստանի Անապա քաղաքում այսօր մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 9 ներկայացուցիչ։

Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, ով հաղթեց Բելառուսի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 

Բացի Արսեն Աբգարյանից, Հայաստանի մարզական պատիվը Անապայում կպաշտպանեն 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 81 կգ քաշային Սոս Քոչարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ առաջնությանը պետք է մասնակցեր նաև 91 կգ քաշային Սարգիս Հովհաննիսյանը, սակայն վերջինս երևանյան հավաքի ընթացքում ոտքի վնասվածք է ստացել և չի մեկնել Անապա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում