Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցկացնեն Ղրիմում

Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցկացնեն Ղրիմում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 14-28-ը Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի շրջանակում ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ղրիմում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԸՖ-ի պաշտոնական կայքից։

Հունահռոմեական հավաքականն օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ տարվա կարևոր ստուգատեսին սկսել է պատրաստվել մայիսի 11-25-ը Ծաղկաձորում կայացած ուսումնամարզական հավաքով, որին հաջորդել են Իտալիայի Սասարի քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում մեր ըմբիշների հաջող մրցելույթները։

Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ մինչև Օլիմպիական խաղերն ըմբիշները մրցաշարերի այլևս չեն մասնակցի, փոխարենը Ղրիմից բացի կմասնակցեն ևս երկու ուսումնամարզական հավաքի։

«Օլիմպիական խաղերի նախապատրաստական շրջանն սկսել ենք մայիսի 11-ից։ Եթե ծաղկաձորյան հավաքը նվիրված էր հատուկ, ֆիզիկական և ֆունկցիոնալ պատրաստությանը, ապա Ղրիմում հիմնականում վերականգնողական հավաք ենք անցկացնելու։ Շատ կարևոր հավաք է սպասվում հուլիսի 5-20-ը Բելառուսի Ստայկի մարզաբազայում, որտեղ կարևորվելու է գորգային աշխատանքը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ մեզ հետ Ստայկիում համատեղ հավաք կանցկացնեն բելառուսները, վրացիները, ֆինները, լիտվացիները, հնարավոր է նաև բուլղարացիները։ Վերջին՝ նախամրցումային հավաքն անցկացնելու ենք Երևանում, հուլիսի 28-ից օգոստոսի 13-ը, որից հետո երեք փուլով մեկնելու ենք Բրազիլիա»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում