10 ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրեր առաջարկվեցին Եվրո-2016-ի շնորհիվ

10 ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրեր առաջարկվեցին Եվրո-2016-ի շնորհիվ

Եվրոպայի ընթացիկ առաջնությունը հաջողության դուռ բացեց բազմաթիվ ֆուտբոլիստների համար։ Շատերին հենց մրցաշարում հաջող խաղի շնորհիվ նոր պայմանագրեր առաջարկվեցին։ Նրանց մի մասը ֆանտաստիկ է խաղում, մյուսները ավելի միջակ են, սակայն բոլորին պայմանագրեր են առաջարկվել հենց Եվրոպայի առաջնության ընթացքում։

Իվան Պերիշիչ

«Ինտերի» կիսապաշտպանը վատ չէր անցկացրել Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը, սակայն հենց Եվրո-2016-ի ժամանակ նա իրեն ցուցադրեց լավագույն կողմերով՝ որպես ֆուտբոլիստ, ով կարող է միայնակ որոշել հանդիպման ելքը վճռական հանդիպումներում։ Պերիշիչն ընդամենը մեկ տարի առաջ էր փոխել ակումբը, սակայն հիմա «Ինտերի» համար հեշտ չի լինի նրան պահելը, քանի որ խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Կիսապաշտպանը դաշտում հսկայական ծավալի աշխատանք է կատարում և ունակ է միայնակ փակել բաց գոտիները, ինչի համար Անտոնիո Կոնտեն ցանկանում է ձեռք բերել նրան։

Բրիլ Էմբոլո

19-ամյա հարձակվողը դեռևս գոլ չի խփել։ Նա մրցակցում է Հարիս Սեֆերովիչի հետ մեկնարկային կազմում տեղի համար և աչքի է ընկել միայն Ալբանիայի դեմ խաղում դրիբլինգով, երբ փոխարինման էր դուրս եկել։ Սակայն դա, թվում է, բավական է։ Մինչ Շվեյցարիայի հավաքականը պատրաստվում է փլեյ-օֆֆին, Էմբոլոն պայմանավորվածություն է ձեռք բերել գերմանական «Շալկեի» հետ։ Նա ակումբում կփոխարինի հեռացած Լերոյ Սանեին, իսկ «Բազելը» Էմբոլոյի համար կստանա 20 միլիոն եվրո: Այս մասին վստահեցնում է «Bild»-ը։

Անդրե Գոմեշ

Պորտուգալացին առայժմ այնքան էլ չի տպավորում, ինչպես իրենց ամբողջ հավաքականը, սակայն նրա նկատմամբ հետաքրքրությունը դրանից չի նվազում։ Գոմեշի համար պայքարում են «Չելսին» ու «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբի մարզական տնօրենը Ֆրանսիայում հանդիպել է «Վալենսիայի» ներկայացուցիչներին։ Հայտնի է, որ «Յուվենտուսը» պատրաստ է ֆուտբոլիստի համար 40 մլն եվրո վճարել, իսկ «Չելսին» ավելի վաղ 30 մլն է առաջարկել։ Իսպանական ակումբն սպասում է, որ Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հաջող ելույթների դեպքում Գոմեշի տրանսֆերային արժեքն ավեի կբարձրանա, ուստի դեռևս չեն շտապում պատասխանել առաջարկներին։

Ակսել Վիտսել

«Զենիթի» կիսապաշտպանը վաղուց է ակնարկում, որ կուզենար փոխել ակումբը։ Եվրոպայի առաջնությունը կարող է նրան տալ այդ հնարավորությունը. Իտալիայի հավաքականի դեմ ձախողված հանդիպումից հետո ֆուտբոլիստը փայլեց Իռլանդիայի դեմ խաղում։ Նախօրեին նա հայտարարել է, որ կուզենար ուժերը փորձել Իտալիայում, ինչպես նաև նշել է իտալական երեք ակումբներից առաջարկների մասին։ Բելգիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն «Յուվենտուսը», «Ռոման» և «Նապոլին»։

Բոգդան Բուտկո

Չնայած Ուկրաինայի հավաքականը երեք պարտություն է կրել Եվրոյում, թիմի երիտասարդ պաշտպանը մի քանի ակումբների ուշադրությունն է գրավել։ Բացի ռուսական և ուկրաինական ակումբներից, Եվրոպայի առաջնության ժամանակ իր խաղով Բուտկոն համոզել է «Գալաթասարայի» սկաուտներին։ Հավանաբար, պաշտոնական առաջարկը թուրքական ակումբը կանի մրցաշարի ավարտից հետո։

Սիմոնե Ձաձա

Հարձակվողն առայժմ չի ամրապնդվել ո´չ «Յուվենտուսի» մեկնարկային կազմում, ո´չ Իտալիայի հավաքականում։ Շվեդիայի դեմ խաղում կես ժամ խաղադաշտում անցկացնելով՝ նա կարողացավ վերակենդանացնել թիմի խաղը և գոլային փոխանցում կատարել։ Գրեթե միաժամանակ թուրինյան ակումբը «Վոլֆսբուրգից» առաջարկ ստացավ Ձաձայի տրանսֆերի վերաբերյալ։ Գերմանական ակումբը պատրաստ է 25 մլն եվրո վճարել։ Ձաձան ինքը խոստովանել է, որ կցանկանար մնալ «Յուվեում»։ Համաձայն շշուկների՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև մի քան անգլիական ակումբներ, սակայն դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել։

Շիմե Վրսալկո

Խորվաթ պաշտպանը դարձել էր բազմաթիվ ակումբների տրանսֆերային նպատակը «Սասուոլոյում» անցկացրած հաջող մրցաշրջանից հետո։ Նրան ցանկանում էին ձեռք բերել «Ատլետիկոն», «Ինտերը», «Նապոլին» և մի քանի այլ ակումբներ, սակայն ֆուտբոլիստի համար պայքարը ավարտվեց միայն Եվրոպայի առաջնության ընթացքում. Վրլասկոն կտեղափոխվի «Ատլետիկո»։ Մադրիդցիները նրա համար 16 մլն եվրո կվճարեն, որին կարող են ավելանալ բոնուսներ։ Հաշվի առնելով, թե ինչպիսի խաղ են ցուցադրում խորվաթները մրցաշարում՝ կրելի է ասել, որ «Ատլետիկոն» հասցրել է ճիշտ ժամանակին ձևակերպել գործարքը։

Կամիլ Գլիկ

«Տորինոյի» լեհ պաշտպանը, որով վաղուց հետաքրքրվում էր ռուսական «Զենիթը», Եվրոպայի առաջնության ժամանակ առաջարկ ստացավ «Մոնակոյից»։ Իտալական լրատվամիջոցները կարծում են, որ հենց այդ առաջարկությունն է գերադասելի Գլիկի և նրա ներկայիս ակումբի համար։ Մոնեգասկերը պատրաստ են Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարելու 13 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ Հնարավոր է՝ ֆրանսիական ակումբը պետք է շտապի, քանի որ Լեհաստանի հավաքականը մրցաշարում շատ վստահ է խաղում. խմբում առաջին տեղն զբաղեցրած Գերմանիայի հավաքականին լեհերը զիջում են միայն գնդակների տարբերությամբ։

Նոլիտո

Դեռևս ոչ վաղ անցյալում «Սելտայի» ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդը համարվում էր «Բարսելոնան», սակայն Եվրոպայի առաջնության ընթացքում Նոլիտոն 3 տարով պայմանագրի վերաբերյալ համաձայնության եկավ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նրա տրանսֆերը Գվարդիոլայի նախաձեռնությունն է, որը ծանոթ է ֆուտբոլիստի որակներին դեռևս «Բարսելոնայի» երիտասարդական թիմում խաղալու տարիներից։ Նշենք, որ ակումբները դեռևս չեն պայմանավորվել ֆուտբոլիստի հրաժարագնի մասին։ Անգլիացիները սկզբում առաջարկում էին 15 միլիոն եվրո, «Սելտան» 29-ամյա հարձակվողի համար ավելին է պահանջում։ Երեկ հայտնի դարձավ, որ «Սիթին» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի պայմանագրում նշված 18 մլն եվրոն։

Մարտին Շկրտել

Այն, որ պաշտպանը ամռանը կհեռանա «Լիվերպուլից», վաղուց էր հայտնի։ Հիմնական տարբերակը «Ֆեներբախչեն» էր համարվում, որը բանակցում էր ֆուտբոլիստի հետ դեռևս Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ։ Մրցաշարի ընթացքում իրավիճակին միջամտեց «Ռոման»՝ առաջարկելով 3 տարով պայմանագիր, և համաձայնություն ստացավ, հայտնում է «Gazetta Dello Sport» պարբերականը։ Հիմա որոշումը պետք է կայացնի «Լիվերպուլի» ղեկավարությունը։

Բոնուս՝ Համշիկ, Բեյլ և Պոգբա

Մարեկ Համշիկի գործակալը հաղորդել է, որ մի քանի առաջարկ է ստացել թոփ ակումբներից Սլովակիա – Ռուսաստան հանդիպումից հետո, սակայն Համշիկը սիրում է Նեապոլն ու չի ցանկանում հեռանալ այնտեղից։ Մրցաշարի ժամանակ նոր պայմանագիր առաջարկվեց Գարեթ Բեյլին. «Ռեալը» պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը, եթե նա համաձայնի 7 տարով պայմանագիր կնքել։

Մինչ այժմ սպասման ռեժիմում է գտնվում «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ Թուրինցիները չեն պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստից, քանի դեռ որևէ ֆանտաստիկ առաջարկ չեն ստացել (ղեկավարությունը 140-160 մլն եվրո է ակնկալում Պոգբայի համար)։ Այդ պատճառով էլ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան որոշել է արագացնել իրադարձությունների ընթացքը և հայտարարել է՝ «Պոլը պաշտում է «Ռեալն» ու խոնարհվում է Զիդանի առջև»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում