Փոփոխություններ «Բանանցի» ղեկավար կազմում

Փոփոխություններ «Բանանցի» ղեկավար կազմում

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Հրաչ Աղաբեկյանը, ով 2015 թվականի սեպտեմբերից հանդիսանում էր «Բանանցի» փոխտնօրենն ու ֆինանսական տնօրենը, իսկ «Բանանցի» սպորտային տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Արտաշես Ադամյանը: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բաժնետերերին ընձեռնած հնարավորության և վստահության համար: Այն դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, որոնք մեր կողմից արձանագրվել էին վերջին տասը ամիսների ընթացքում, կշարունակվեն նույն ինտենսիվությամբ: Բացի այդ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շտկենք առկա բացթողումներն ու թերությունները, որպեսզի լավագույն կերպով օգտագործենք «Բանանցում» առկա հիանալի պայմանները ֆուտբոլիստների աճի և ազգային հավաքականների համար կադրեր պատրաստելու համար:

«Բանանցի» նպատակը շարունակելու է մնալ նույնը՝ փորձել լինել առաջինն այդ բառի բոլոր ասպեկտներում: Խոսքը վերաբերում է ինչպես մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքին, այնպես էլ մանկատապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, երկրպագուների հետ աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հրաչ Աղաբեկյանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերից «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Ռոման Ասխաբաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում