Եվրո-2016․ Գրիզմանի դուբլի շնորհիվ Ֆրանսիան շարունակում է պայքարը (տեսանյութ)

Եվրո-2016․ Գրիզմանի դուբլի շնորհիվ Ֆրանսիան շարունակում է պայքարը (տեսանյութ)

Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող Ֆրանսիայի հավաքականը շարունակում է պայքարը։ Մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում Ֆրանսիան կամային հաղթանակ տոնեց Իռլանդիայի նկատմամբ։

Լիոնի «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն երկրորդ րոպեին Պոլ Պոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Լոնգի նկատմամբ, և գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին նշանակեց 11-մետրանոց հարված, որն իրացրեց Ռոբերտ Բրեյդին։ Բաց թողած գոլից հետո Դիդյե Դեշամի սաներն ունեցան հիանալի հնարավորություններ, սակայն հավաքականներն ընդմիջման գնացին 0։1 հաշվի պայմաններում։

58-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականը վերականգնեց հաշվի հավասարությունը․ աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։ Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները չէին հասցրել ուշքի գալ, երբ 61-րդ րոպեին Գրիզմանը դուբլ ձևակերպեց։ Երկրորդ գոլը բաց թողնելուց 5 րոպե անց Իռլանդիան մնաց 10 հոգով․ Շեյն Դաֆին Գրիզմանի նկատմամբ կանոնները խախտելու համար հեռացվեց խաղադաշտից։

Հավելենք, որ 1/4 եզրափակչում Ֆրանսիան մրցելու է Իսլանդիա-Անգլիա զույգի հաղթողի հետ։

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա – Իռլանդիա՝ 2։1
Գոլերը՝ Գրիզման 58՛, 61՛ – Բրեյդի 3՛/11-մետրանոց
Հեռացում՝ – Դաֆի 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում