Ռամալյո․ Ակումբում մնալս կապված չէ Եվրոպա լիգայի արդյունքի հետ

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցը» խաղալու է Կիպրոսի «Օմոնիայի» հետ: Հունիսի 30-ին կայանալիք խաղից «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն պատասխանեց լրագրողների հարցերին։

«Մենք շատ հույսեր ունենք: Բոլորս գիտենք, որ «Օմոնիան» ուժեղ թիմ է, սակայն մեր հնարավորությունների չափով պայքարելու ենք: Ֆուտբոլիստներից ոչ ոք վնասվածք չունի: Հիմա լավ վիճակում ենք և պատրաստ։ Գոհ եմ թիմի պատրաստվածությունից։ Տեսնենք՝ կարո՞ղ ենք այդ ամենը ցուցադրել խաղադաշտում, թե՞ ոչ»,-ասաց Ռամալյոն։

Որակավորման փուլից առաջ թիմում համալրումներ չեն եղել։ Այս առիթով գլխավոր մարզիչն ասաց հետևյալը․ «Դա այն հարցը չէ, որ ես կարողանամ պատասխանել։ Գիտեք՝ վերջերս ակումբի ղեկավարության կազմում փոփոխություններ են եղել․ հեռացել է գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն։ Չկարողացանք նոր ֆուտբոլիստների ձեռք բերել: Ամեն դեպքում, հույս ունեմ՝ համալրումներ կլինեն»:

Տիտո Ռամալյոն նշեց, որ ակումբում իր ապագան ամենևին էլ կապված չէ Եվրոպայի լիգայի արդյունքի հետ․ «Ակումբում մնալս կապված չէ Եվրոպա լիգայում ցույց տված արդյունքի հետ»։

Տիտո Ռամալյոն նաև անդրադարձավ Լաերսիո Գոմես Կոստայի հետ պայմանագիրը չերկարաձգելուն․ «Լաերսիոն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ էր, բայց ես նախընտրում եմ խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր իմ տրամադրության տակ են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում