Ջոն Քարվեր. Մեզ բարդ հանդիպում է սպասվում

«Օմոնիայի» գլխավոր մարզիչ Ջոն Քարվերը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Բանանցի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին։

«Մրցաշրջանի ավարտից հետո 12 ֆուտբոլիստ է հեռացել թիմից, 7 նորեկ ունենք, սակայն իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստները լավն են և պատրաստ են խաղին։ «Բանանցը» գլխավորում է Իսպանիայից հրավիրված մարզիչ․ մեզ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ իսպանացի մարզիչների գլխավորած թիմերը կարողանում են հարձակողական ֆուտբոլ ցուցադրել։ Սպասում ենք, որ բարդ հանդիպում է լինելու: Նաև տեղյակ ենք, որ թիմից հեռացել է առաջատարներից մեկը` Լաերսիոն»,-ասաց Քարվերը։

«Օմոնիայի» գլխավոր մարզիչը պատմեց իրենց ակումբում եղած փոփոխությունների մասին․

«Ակումբը ունի նոր նախագահ, նոր մարզական տնօրեն, նոր մարզիչ (Քարվերը 3 շաբաթ առաջ է գլխավորել թիմը-խմբ․) և ֆուտբոլիստներ: Մենք նոր թիմ ենք կառուցում և դրա շնորհիվ կկարողանանք հասնել մեր նպատակներին: Ես վստահում եմ ակումբում աշխատող անձնակազմին: Համոզված եմ, որ ֆուտբոլիստները խաղին կնվիրվեն առաջինից մինչ վերջին րոպեն»:

Ջոն Քարվերը նաև ասաց, որ կարևոր է զարգացնել ոչ միայն առաջին թիմը, այլև «Օմոնիայի» ֆուտբոլային ակադեմիան.

«Հիմա էլ թիմում ակադեմիայի 2 սան կա: Ինձ համար կարևոր է, որ տեղի ակումբի սանը դառնա ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Կարևոր է, որ ֆուտբոլը զարգանա ամբողջ երկրում, և երիտասարդներն առաջընթաց գրանցեն»,-խոսքը եզրափակեց Ջոն Քարվերը։

«Բանանց»-«Օմոնիա» առաջին հանդիպումը կայանալու է հունիսի 30-ին (ժամը 20:00-ին), Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում

Հետևեք մեզ նաև Telegram-ում