Ռամալյո․ Ֆուտբոլիտների խաղից գոհ եմ, արդյունքից՝ դժգոհ

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» հյուրընկալեց Կիպրոսի «Օմոնիային» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ասաց, որ հաշիվն այնքան էլ չի արտացոլում խաղի պատկերը։

«Թիմերի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէր: Չեմ ասում, թե «Բանանցը» պետք է հաղթեր, բայց կարող էինք ոչ-ոքի խաղալ։ Թիմի խաղից գոհ եմ, իսկ պատասխան հանդիպման ժամանակ ավելի բարդ է լինելու»:

Տիտո Ռամալյոն նշեց, որ զգացվում էր թիմի առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը․ ««Օմոնիայի» խփած գոլից հետո խաղի բնույթը փոխվեց։ Նաև զգացվում էր երկու ֆուտբոլիստների՝ Լաերսիոյի և Միգել Լոպեսի բացակայությունը։ Նրանք էին ապահովում համակարգված խաղն առջևի գծում, բայց մենք պետք է հարմարվենք այն ֆուտբոլիստներին, ովքեր մեր տրամադրության տակ են։

Հանդիպմանը մասնակցած բոլոր ֆուտբոլիտների խաղից գոհ եմ, իսկ արդյունքից՝ դժգոհ։ «Օմոնիան» էլ շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի, սա արդեն եվրոպական ֆուտբոլ է, այստեղ մակարդակն էլ է ուրիշ»,-ասաց Ռամալյոն։

Տիտո Ռամալյոն կարծում է, որ պատասխան խաղում «Բանանցն» ունի հաղթելու հնարավորություններ․ ««Օմոնիան» արագ ու լավ կազմակերպված թիմ է։ Այսօր մենք հետապնդողի դերում ենք, բայց հաջորդ փուլ անցնելու հնարավորություններ դեռ ունենք»,-ասաց մարզիչը և հավելեց, որ իր թիմի հաղթելու հնարավորությունը 40% է գնահատում։

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու հուլիսի 7-ին։

Լուսանկարը՝ «Բանանցի» պաշտոնական կայքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում