Եվրո-2016․ Ուելսը կամային հաղթանակ տոնեց Բելգիայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Լիլի «Պյեր Մորուա» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի՝ Ուելս-Բելգիա հանդիպումը։ 

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 13-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ․ հիանալի գոլի հեղինակ դարձավ Ռաջա Նայնգոլանը։

Գոլից հետո բելգիացներն աստիճանաբար զիջեցին նախաձեռնությունը, և 31-րդ րոպեին Աարոն Ռեմսիի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Էշլի Ուիլյամսը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 

Չհաշված մեկնարկային րոպեները՝ առաջին կեսն անցավ ուելսեցիների առավելությամբ (հարվածներ՝ 10-6, գնդակի վերահսկողություն՝ 54%-46%, փոխանցումների ճշգրտություն՝ 91%-90%), սակայն հավաքականներն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում ևս բելգիացիներն առավել ակտիվ էին, սակայն Մարկ Վիլմտոսի թիմը չօգտագործեց իր հնարավորությունները, իսկ ահա Ուելսը 55-րդ րոպեին խփեց երկրորդ գոլը․ աչքի ընկավ Հալ Ռոբսոն-Կանուն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում բելգիացների՝ գոլ խփելու ջանքերն արդյունք չտվեցին, իսկ Ուելսին հաջողվեց երրորդ գոլը խփել․ վերջնական հաշիվը 85-րդ րոպեին ձևակերպեց Սեմ Վոուկսը։ Կիսաեզրափակիչ փուլում Ուելսը խաղալու է Պորտուգալիայի հետ, որը երեկ պայքարից դուրս է թողել Լեհաստանի ընտրանուն։

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Ուելս – Բելգիա՝ 3։1
Գոլերը՝ Ուիլյամս 31՛, Ռոբսոն-Կանու 55՛ , Վոուկս 85՛ – Նայնգոլան 13՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում