Ռիչարդ Իմբերնոն․ Դժվար է, երբ խաղում ես 14 հոգու դեմ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» 3։0 հաշվով հաղթեց «Սանտա Կոլոմային» և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

Խաղից հետո «Սանտա Կոլոմայի» մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը դժգոհություն հայտնեց, թե իր թիմի նկատմամբ հարգանք չի ցուցաբերվել։

«Մրցավարը շատ վատ դատեց հանդիպումը։ Ասես, մեզ կողոպտեցին, իսկ երկրորդ գոլից հետո նա ծիծաղում էր մեզ վրա: Հույս ունեմ՝ ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի այս խաղի ընթացքում եղած միջադեպերը և արդարացի որոշում կկայացնի: Նախախաղյա ասուլիսի ընթացքում մրցակցի մարզիչն ասել էր, որ խաղի ընթացքում «կճզմեն» մեզ։ Դա ունեցավ իրա ազդեցությունը։ Ուզում եմ նաև շեշտել, որ առաջին հեռացումը եղավ «Ալաշկերտի» կազմում»,-ասաց անդորրական թիմի մարզիչը։ 

Ռիչարդ Իմբերնոնը վստահ է՝ եթե չլիներ մրցավարական գործոնը, նրանք կարող էին հաղթահարել «Ալաշկերտի» արգելքը․

«1։0 հաշվի ժամանակ մենք պահեր ունեցանք, հարվածեցինք դարպասաձողին, սակայն դժվար է, երբ 14 հոգու դեմ ես խաղում։ Մինչև երկրորդ գոլը հավասար պայքար էր ընթանում և հույս ունեինք, որ կհավասարացնենք հաշիվը։ Եթե թվեմ մրցավարական բոլոր սխալները, ապա մինչև առավոտ կշարունակեմ։ Օրինակ՝ «Ալաշկերտի» փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը դաշտ մտնելուց առաջ խոսում և կատակում էր չորրորդ մրցավարի հետ, իսկ գլխավոր մրցավարը 2-րդ գոլից հետո խոսում էր «Ալաշկերտի» ֆուտբոլիստների հետ՝ ծաղրելով մեր ֆուտբոլիստներին»։

«Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչը մեկնաբանեց նաև այն դրվագը, երբ իր թիմից Կրիստիան Մարտինեսը, հեռացվելով խաղադաշտից, երկրպագուների ուղղությամբ անպարկեշտ ժեստեր ցույց տվեց։

«Անկեղծ, ես չեմ տեսել, թե ինչ է պատահել: Եթե նման արարք է թույլ տվել, ապա դատապարտելի է, և ես չեմ կարող արդարացնել»:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում