Աբրահամ Խաշմանյան․ Մենք պատմություն ենք կերտում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» (3:0) պատասխան խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն իր մեկնաբանությունը տվեց։

«Ես տղաներին զգուշացրել էի, որ պատրաստ լինեն սադրանքների: Միհրան Մանասյանն ինչ-որ առումով անկարգ գտնվեց, և մնացինք10 ֆուտբոլիստով։ Կարողացանք այնպես խաղալ, որ մրցակիցը չկարողանա օգտագործել թվային առավելությունը: Հաշիվը պետք է, օրինակ, 6:0 լիներ։ «Սանտա Կոլոմայի» ֆուտբոլիստները դաշտում իրենց շատ կեղտոտ էին պահում, ինչը տգեղ էր»,-ասաց Խաշմանյանը։

Նախախաղյա ասուլիսի ժամանակ Աբրահամ Խաշմանյանն ասել էր, որ անհրաժեշտ է «Սանտա Կոլոմային» «ճզմել», ինչից մրցակցի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոն վիրավորվել է։  Այդ առնչությամբ Խաշմանյանը ժպիտով ասաց հետևյալը․

«Ես ո՛չ վիրավորել եմ, ո՛չ էլ հայհոյել։ Պարզապես ասել եմ, որ ճզմելու ենք, իսկ խաղը ցույց տվեց, որ մենք իրոք ճզմեցինք նրանց։ Նորից եմ կրկնում՝ ճզմեցինք: Երբ խաղակեսը վերջացավ, միակ հրահանգս ֆուտբոլիստներն եղել է, որ հետ չքաշվեն և խաղան նախկին մարտավարությամբ»։

Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ իր ֆուտբոլիստներից միայն Միհրան Մանասյանը չդիմացավ մրցակցի սադրանքներին․ «Նրան մեկ շաբաթ զգուշացրել եմ՝ այդպիսի բան կարող է պատահել։ Ամեն դեպքում, եղածն եղած է։ Միհրանը մեզ համար առանցքային խաղացող է, և պետք չէ մեծ ճնշում գործադրել նրա վրա։ Նա թիմի համար շատ բան է արել»։

Վերջում Աբրահամ Խաշմանյանն ասաց, որ կարևոր էր երկրպագուների գործոնը․
«Ֆուտբոլիստը զգում է երկրպագուների աջակցությունը։ Առանց երկրպագու ֆուտբոլ չկա: Մենք ամեն խաղով պատմություն ենք կերտում և շարունակելու ենք այդ գործը»։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» մրցելու է Թբիլիսիի «Դինամոյի» հետ։ Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 12-ին, Թբիլիսիում, իսկ Երևանում թիմերը խաղալու են հուլիսի 19-ին։

Հասմիկ Գրիգորյան
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում