Ռամալյո. Պետք է օգտագործենք հաջորդ փուլ դուրս գալու մեր բոլոր հնարավորությունները

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Օմոնիայի» դեմ պատասխան խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

-Ի՞նչ կարծիք ունեք դիմակայության վերաբերյալ պատասխան հանդիպումից առաջ:

-Ոչինչ չի փոխվել նախորդ շաբաթվա համեմատությամբ: Գիտենք, թե ինչպիսի դժվարություններ կան, սակայն մենք պետք է ձգտենք օգտագործել հաջորդ փուլ դուրս գալու համար մեր բոլոր հնարավորությունները: Իհարկե, առաջին խաղում գրանցված հաշիվն այն չէր, ինչ մենք սպասում էինք, սակայն առջևում 90 րոպե կա և նման խաղերում իրավիճակները կարող են շատ արագ փոխվել,-Ռամալյոյի խոսքը փոխանցում է «Բանանցի» մամուլի ծառայությունը։

-Սպասվում է, որ հանդիպմանը ներկա է գտնվելու 10 հազար հանդիսական: Արդյո՞ք դա առավելություն է «Օմոնիայի» համար:

-Մեզ համար դա խնդիր չէ: Իհարկե, դա մեծ օգնություն է «Օմոնիայի» համար, սակայն յուրաքանչյուր մարզիչի և ֆուտբոլիստի համար մեծ հաճույք է խաղալ լեցուն տրիբունաների ներքո:

«Բանանցի» պերուացի կիսապաշտպան Կլաուդիո Տոռեխոնը ևս իր մեկնաբանությունն է տվել։

«Վիճակահանության ժամանակ պարզ դարձավ, որ մեզ դժվարին մրցակից է բաժին հասել: Երևանյան խաղում գրանցված արդյունքն էլ ավելի բարդացրեց մեր խնդիրը, սակայն մենք չենք հանձնվում և դեռևս ոչինչ պարզ չէ ընդհանուր դիմակայության արդյունքում: Մենք լավ աշխատանք ենք կատարել վերջին օրերին և ամեն ինչ անելու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- նշել է Կլաուդիո Տոռեխոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում