Ջոն Քարվեր. «Բանանցի» մարզիչը կարող է հպարտանալ

«Օմոնիայի» գլխավոր մարզիչ Ջոն Քարվերը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանցի» դեմ պատասխան խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ երկու խաղի արդյունքում «Օմոնիան» 5։1 հաշվով հաղթանակ տոնեց և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

«Երեկ նշել էի, որ մեզ դժվարին խաղ է սպասվում: Ֆուտբոլիստերին նույնպես ասել էի, որ դժվար է լինելու և կարծում եմ դա ապացուցվեց խաղադաշտում: Մենք մրցակցին չափից շատ պահեր թույլ տվեցինք: Ֆուտբոլիստներին ընդմիջմանն ասացի, որ գլխավորը կենտրոնացվածությունն է, բայց մենք «քնեցինք» նրանց խփած գոլի ժամանակ: Առաջին խաղից հետո նշել էի, որ ինձ բավարարում է արդյունքը, սակայն դժգոհ եմ խաղից: Նույն զգացողություններն ունեմ նաև այսօր:

Հանդիպման 90 րոպեների ընթացքում ես ուրախանալու առիթներ չունեի, սակայն վերջին 30 րոպեների ընթացքում շատ բաներ տեղի ունեցան, որոնք ինձ երջանկացրեցին: Ներկայիս մեր իրավիճակն այսպիսին է. ունենք նոր մարզիչ, նոր խաղային համակարգ, նոր ֆուտբոլիստներ, նրանք պետք է սովորեն ինձ և իմ խաղաոճին և դրա համար ժամանակ է պետք: Կարծում եմ՝ որ խաղը հաղթեցինք, քանի որ ավելի լավ վիճակում էինք գտնվում, քան հակառակորդը:

Ինչ վերաբերվում է մրցակցին, ապա «Բանանցի» մարզիչը կարող է հպարտ լինել այն ջանքերի, նվիրվածության և վճռականության համար, որը հաղորդել էր իր թիմին: Իհարկե, մեր երկրպագուները չեն կարող գոհ լինել նրանից, ինչ տեսան առաջին 90 րոպեների ընթացքում, սակայն նրանք, կարծում եմ, բավարարված տուն վերադարձան, քանի որ չորս գոլ խփեցինք և դուրս եկանք հաջորդ փուլ»,-Քարվերի խոսքը մեջբերել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում