Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուները

Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուները

Եվրոպայի 2016 թվականի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, ով դարձավ 6 գոլի հեղինակ և ընդգրկվեց Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում։ Ներկայացնում ենք Եվրո-ների պատմության թոփ-10 ռմբարկուներին։

4-10. Նունու Գոմեշ (Պորտուգալիա) – 6 գնդակ (14 խաղ)

Երիտասարդ Նունու Ռիբեյրուն իրեն զուր չի անվանակոչել բոլորին հայտնի Ֆերնանդու Գոմեշի անունով: Գոլային հոտառություն, գլխով հիանալի խաղ և ճիշտ դիրք ընտրելու կարողություն, որոնց շնորհիվ նա կարողացավ դառնալ իր սերնդի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նրա համար հատկապես հաջողված էր Եվրո-2000-ը․ Նունուն պահեստայիններին թողեց Պաուլետային և առաջնությունում 4 գնդակ խփեց։

4-10. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 6 գնդակ (13 խաղ)

Ավարտված Եվրո-ն չորրորդն ու վերջինն էր Իբրահիմովիչի կարիերայում: Երիտասարդ Իբրան փայլում էր դեռ Եվրո-2004-ում, որի ընթացքում աչքի ընկավ հատկապես իտալացիների դարպասը խփած գնդակով: 2008-ին հույների դարպասը խփած գնդակը մրցաշարի լավագույն գոլերից էր, իսկ 2012-ին հիանալի գնդակով կարողացավ գրավել ֆրանսիացիների դարպասը: Թեև Զլատանը չի կարողացել դառնալ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, բայց գեղեցիկ գնդակների թվով նա վստահաբար առաջինն է:

4-10. Թյերի Անրի (Ֆրանսիա) – 6 գնդակ (11 խաղ)

Ֆրանսիացի հանճարեղ հարձակվողը չէր կարող չընդգրկվել լավագույնների այս ցուցակում: Խելահեղ արագությունը, հիանալի տեխնիկան ու նպատակային հարվածները երկար ժամանակ ծառայում էին ֆրանսիական ընտրանուն։ Անրին գնդակներ է խփել Եվրոպայի 3 առաջնություններում։ 

4-10. Ուեյն Ռունի (Անգլիա) – 6 գնդակ (10 խաղ)

Երիտասարդ Ռունին խոստանում էր դառնալ անգլիական ֆուտբոլի պատմության լավագույն մարզիկն ու աշխարհի լավագույն խաղացողը: Արագությունը, ուժը, դրիբլինգը, կատարողական վարպետությունը… Ռունին դաշտում ամեն ինչ կարողանում էր ու բազմակողմանի զարգացած էր, բայց նա այդպես էլ չդարձավ այն ֆուտբոլիստը, որին ցանկանում էին տեսնել Անգլիայի հավաքականի երկրպագուները: Հիմա Ուեյնն Անգլիայի ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն է և լավագույններից մեկը Եվրոպայի առաջնությունների պատմության էջերին:

4-10. Պատրիկ Կլյուվերտ (Հոլանդիա) – 6 գնդակ (9 խաղ)

Ակումբի ղեկավարները հպարտանում էին Պատրիկի գոլերով, բայց հավաքականում նրա պահանջարկը շատ չէին զգում: Նարնջագույն մարզաշապիկով խփած 40 գնդակը, Եվրո-2000-ի լավագույն ռմբարկուի կոչումը, եվրոպական առաջնությունների հոլանդացի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը ոչնչի պետք չեկան: Պատրիկն այս ցուցակում կարող էր և ավելի բարձր հորիզոնականում լինել, բայց հավաքականում այլ կարծիք ունեին։

4-10. Ռուդ վան Նիստելռոյ (Հոլանդիա) – 6 գնդակ (8 խաղ)

Վան Գոլ. այսպես էին անվանում հարձակվողին, ում հետ տուգանային հրապարակում ցուցադրած խաղով քչերը կարող էին համեմատվել: Երիտասարդ տարիներին Ռուդը չէր փայլում, իսկ ամբողջ Հոլանդիան Կլյուվերտի մասին էր խոսում: 28 տարեկանում Ռուդ վան Նիստելռոյը վերջինիս իջեցրեց Հոլանդիայի լավագույն հարձակվողի գահից, բայց դա հավաքականին առանձնապես չօգնեց միջազգային արենայում:

4-10. Անտուան Գրիզման (Ֆրանսիա) – 6 գնդակ (7 խաղ)

Գրիզմանի կարիերայում առաջին Եվրոպայի առաջնությունն էր: Նա կարողացավ աչքի ընկնել ու դարձավ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր: Գերմանական ու պորտուգալական արմատներ ունեցող Անտուանը տնային առաջնությունում Ֆրանսիային օգնեց հասնել եզրափակիչ ու երկրին հիշեցնել Միշել Պլատինիի հաջողությունների մասին։ Հետաքրքրական է, որ Պլատինիի պես Գրիզմանին ևս «Փոքրիկ իշխան» են անվանում:

3. Ալան Շիրեր (Անգլիա) – 7 գնդակ (9 խաղ)

Ալան Շիրերի բախտը չի բերել: Լավագույն տարիներին հարձակվողն ավելի քան 400 գնդակ է խփել, բայց ստիպված էր ենթարկվել հավաքականի սերնդափոխությանը: Շիրերը գոլեր է խփել Գասկոյնի ու Բեքհեմի հավաքականում լինելու տարիներին: Սեփական հարկի տակ 1998-ին ընդունած Եվրոպայի առաջնության ժամանակ անգլիացիները հասան կիսաեզրափակիչ: Լավագույն քառյակում թիմը հենց Շիրերի շնորհիվ հայտնվեց․ նա 5 խաղում 5 գնդակ խփեց:

1-2. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 9 գնդակ (21 խաղ)

Պորտուգալիայի հավաքականի առաջատարը Եվրոպայի առաջնության ռեկորդակիր է իր խփած գնդակների քանակով: Նա 4 անգամ մասնակցել է մրցաշարին և բոլոր դեպքերում գոլեր է խփել, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է: Եվրոպայի առաջնությունում Ռոնալդուն 9 գնդակ է խփել, որոնցից 5-ը՝ գլխով: Հաղթական եզրափակչում վնասվածք չստանալու դեպքում նա կարող էր Միշել Պլատինիին երկրորդ հորիզոնականում իջեցնել։

1-2. Միշել Պլատինի (Ֆրանսիա) – 9 գնդակ (5 խաղ)

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի արտասովոր գաղափարները ժամանակին նրա մեծության բանալին են եղել: Պլատինին կարողանում էր կարդալ խաղն ու հիանալի տեխնիկա ուներ: Ֆրանսիացին իր կարիերայի ընթացքում 354 գնդակ է խփել, դրանցից 41-ը՝ հավաքականի կազմում: Հավաքականում նրա կարիերայի գագաթնակետը 1984 թվականն էր․ Ֆրանսիան ընդունեց ու հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ Պլատինին բոլոր խաղերում գոլի հեղինակ դարձավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում