Ո՞ր ակումբների և առաջնությունների ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել Եվրո-2016-ում

Ո՞ր ակումբների և առաջնությունների ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել Եվրո-2016-ում

Մադրիդյան ակումբների ֆուտբոլիստներն ամենաշատն աչքի ընկան Եվրոպայի առաջնության ընթացքում, իսկ ահա չեմպիոն դարձած Պորտուգալիայում հանդես եկող որևէ ֆուտբոլիստ գոլի հեղինակ չդարձավ:

Եվրո-2016-ում ընդհանուր հաշվով 108 գոլ է գրանցվել, դրանցից 3-ն ինքնագոլ է: 76 ֆուտբոլիստ 105 գնդակ է խփել: Այդ ֆուտբոլիստները 53 տարբեր ակումբներից են, 18 լիգա են ներկայացնում և խաղում են 16 տարբեր երկրներում: Որպեսզի հասկանանք, թե որ առաջնության ֆուտբոլիստներն են առավել շատ աչքի ընկել, 2 աղյուսակ ենք պատրաստել. մեկն ակումբների ու մյուսը՝ առաջնությունների տվյալներով: 

Եվրո-2016-ի ժամանակ առավել շատ գոլեր գրանցած ակումբները

1-2․ «Ատլետիկո» (Իսպանիա) – 7 գոլ

Տարօրինակ կլիներ, եթե առաջնության լավագույն ռմբարկուի ակումբը չգլխավորեր այս ցուցակը: Իսպանական թիմի ֆուտբոլիստները 7 գնդակ են գրանցել առաջնությունում․ 6-ի հեղինակն Անտուան Գրիզմանն է: Մեկ անգամ էլ աչքի է ընկել բելգիացի Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն: 

1-2․ «Ռեալ» (Իսպանիա) – 7 գոլ

Ինչպես Չեմպիոնների լիգայի եզրափակչում մեր ցուցակում ևս առաջին հորիզոնականի համար պայքարում են «Ռեալն» ու «Ատլետիկոն»: «Ռեալն» առաջ է անցել «Ատլետիկոյից» Եվրոպայի առաջնությունում գնդակ խփած ֆուտբոլիստների թվով: «Ռեալը» ներկայացնող երեք ֆուտբոլիստ է գրավել մրցակցի դարպասը: 3 գնդակ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի անվան դիմաց կա, նույնքան ուելսցի Գարեթ Բեյլի և 1 գնդակ էլ խորվաթ Լուկա Մոդրիչի: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ իսպանական ակումբների ֆուտբոլիստների խփած 14 գոլերից և ոչ մեկի հեղինակն իսպանացի չէ:

3․ «Յուվենտուս» (Իտալիա) – 6 գոլ

Թուրինյան ակումբն առաջնությունում աչքի ընկավ գոլեր խփած ֆուտբոլիստների քանակով: «Յուվենտուսի» 4 ֆուտբոլիստ Եվրո-2016-ի ժամանակ գրավել է մրցակցի դարպասը: 3 գնդակ իսպանացի Ալվարո Մորատայի անվան դիմաց կա։ Մորատան վերադարձել է «Ռեալ», սակայն առաջնությանը հայտավորվել էր թուրինյան ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակով։ «Յուվենտուսից» մեկական գնդակ են խփել իտալացիներ Ջորջիո Կյելինիի ու Լեոնարդո Բոնուչիի և ֆրանսիացի Պոլ Պոգբան։

4․ «Արսենալ» (Անգլիա) – 5 գնդակ

Եվրո-2016-ի ընթացքում լոնդոնյան ակումբը ներկայացնող 3 ֆուտբոլիստ է գնդակ խփել: Ընդհանուր 5 գնդակի հեղինակ են դարձել ուելսցի Աարոն Ռեմսին, գերմանացի Մեսութ Օզիլը և ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն (3):

5․ «Ֆեներբախչե» (Թուրքիա) – 4 գնդակ

Մեր աղյուսակի 5-րդ հորիզոնականում թուրքական «Ֆեներբախչեն» է: Այդ ակումբը ներկայացնող Նանին 4 գոլերից 3-ի հեղինակն է: Շուտով Նանին պայմանագիր է կնքելու «Վալենսիայի» հետ։ Մյուս գնդակը գրանցվել է Թուրքիայի ընտրանու կիսապաշտպան Օզան Տուֆանի օգտին:

Մնացած ակումբները՝ Եվրո-2016-ում 3 անգամ 8 ակումբի ֆուտբոլիստներ են աչքի ընկել, 2 անգամ՝ 10:

Եվրո-2016-ում ամենաշատ գոլեր գրանցած առաջնությունները

1․ Անգլիա – 30 գոլ

Եվրոպայի առաջնությունում ԱՊԼ-ն ներկայացնող 13 ակումբի ֆուտբոլիստներ էին ընդգրկված: Բացի այդ, մրցաշարի ընթացքում Չեմպիոնշիփը ներկայացնող երկու ֆուտբոլիստ է գոլի հեղինակ դարձել: Եվ եթե Սեմ Վոուկսը, ով գոլի հեղինակ դարձավ Բելգիայի հետ խաղում, նախորդ մրցաշրջանում «Բյորնլիի» հետ Պրեմիեր լիգայի ուղեգիր է նվաճել, ապա հավաքականում նրա թիմակից Հալ Ռոբսոն-Կանուն «Ռեդինգի» հետ Անգլիայի երկրորդ դիվիզիոնի 17-րդ հորիզոնականում է հայտնվել: Սա այն դեպքում, երբ Ռոբսոն-Կանուն Եվրոպայի առաջնության ընթացքում 2 գնդակի հեղինակ դարձավ: 

2․ Իսպանիա – 18 գոլ

Ի տարբերություն Անգլիայի՝ Եվրո-2016-ում իսպանական առաջնությունը ներկայացնող ընդամենը 5 ակումբի ֆուտբոլիստներ են գոլերի հեղինակ դարձել: «Ատլետիկոյից» ու «Ռեալից» բացի առաջնությունում աչքի են ընկել «Բարսելոնայի», «Վալենսիայի» և «Սելտայի» ֆուտբոլիստները:

3․ Իտալիա – 16 գոլ

Ավարտված առաջնությունում իտալական լիգայի 6 ակումբի ֆուտբոլիստ է աչքի ընկել: Բացի «Յուվենտուսից», աչքի են ընկել «Ֆիորենտինայի» և «Ինտերի» (3-ական գնդակ), «Ռոմայի» (2) ինչպես նաև «Նապոլիի» ու «Բոլոնիայի» (1-ական գնդակ) ֆուտբոլիստները:

4․ Թուրքիա – 12 գոլ

Թուրքիայի առաջնությունը 4-րդ տեղում է: Եվրոպայի առաջնության 12 գնդակներն իրենց մեջ բաժանել են առաջնության 4 ակումբները: Բացի վերոնշյալ «Ֆեներբախչեից» 3-ական գնդակներ ունեն «Բեշիկթաշի» և «Բուրսասպորի» ֆուտբոլիստները: 2 գնդակ 11-մետրանոցից խփեց «Գենչերբիրլիգիի» ռումինացի ֆուտբոլիստ Բոգդան Ստանկուն:

5․ Գերմանիա – 10 գնդակ

Գերմանական 7 ակումբի ֆուտբոլիստներ կարողացել են առաջնությունում 10 անգամ աչքի ընկնել: Նրանցից միայն 6-ն են Բունդեսլիգայում խաղում: «Նյուրնբերգի» հունգարացի ֆուտբոլիստ Զոլտան Շտիբերն աչքի ընկավ Ավստրիայի դեմ խաղում: Նրա թիմը նախորդ մրցաշրջանում երկրորդ Բունդեսլիգայի երրորդ տեղը զբաղեցրեց ու չկարողացավ երկրի գլխավոր առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստանալ: Իսլանդացի Յոն Դադի Բոդվարսոնը գոլի հեղինակ դարձավ ավստրիացիների դեմ խաղում: Նրա ակումբը՝ «Կայզերսլաուտերնը» նախորդ մրցաշրջանում Գերմանիայի երկրորդ լիգայի 9-րդ հորիզոնականում էր: Եվրո-2016-ի ընթացքում Գերմանիան ներկայացնող ակումբներից ամենաշատն աչքի են ընկել «Բավարիայի» ֆուտբոլիստները՝ 3 գնդակ: Մեկական անգամ՝ «Նյուրնբերգի» և «Կայզերսլաուտերնի», «Շալկե-04»-ի, «Հաննովեր-96»-ի, «Բայեր-04»-ի և «Հոֆֆենհայմի» ֆուտբոլիստները:

Մյուս առաջնությունները

6-րդ և 7-րդ տեղերում Ռուսաստանն ու Ֆրանսիան են: Այս երկրների առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստները 4-ական գնդակ են խփել: Շվեյցարիան երեք գնդակ ունի: Մեկական գնդակներ են գրանցել 8 առաջնությունների ֆուտբոլիստներ: Նրանցից 2-ը եվրոպական առաջնությունների մասնակիցներ չեն:

* փակագծերում նշված է երկրի բարձրագույն լիգան ներկայացնող ակումբների քանակը:

Վերջում հետաքրքիր մի փաստ՝ մրցաշարում Պորտուգալիայի առաջնությունում խաղացող և ոչ մի ֆուտբոլիստ աչքի չի ընկել: Այս վիճակագրությունը կարող էր չլիներ, եթե Լեհաստանի դարպասը գրաված Ռենատու Սանշեշը Եվրո-2016-ից առաջ «Բենֆիկայից» «Բավարիա» տեղափոխված չլիներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում