Ի՞նչ քայլերի են դիմում երկրպագուները սիրելի ֆուտբոլիստներին տեսնելու համար

Ներկայացնում ենք պատմություններ, որոնք կապացուցեն՝ երկրպագուների սերն անսահման է ու արգելքներ չի ճանաչում: 

Լողալով հասնել Մեսսի զբոսանավին

Այս դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Իբիցա կղզում: Արգենտինացու երկրպագուներից մեկը, ափից տեսնելով սիրելի ֆուտբոլիստի զբոսանավը, որոշել է հետապնդել։ Երկրպագուն սկսել է լողալ Մեսսիի հետ լուսանկարվելու համար, իսկ ընկերներին նախապես խնդրել է հեռվից պատրաստ պահել ֆոտոխցիկը։ Մեսսին, գնահատելով երկրպագուի ջանքերը, նրան հրավիրել է զբոսանավ և իր հեռախոսով էլ է լուսանկարվել։

«Սողոսկել» Ռոնալդուի սենյակ

Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ 15-ամյա Յագո Լեալը հայտնվել է Պորտուգալիայի հավաքականի հյուրանոցում: Տղան տանիքից ջրատար խողովակի վրայով իջել է պատշգամբ, ապա մտել է Կրիշտիանու Ռոնալդուի սենյակ: Տեսնելով չսպասված հյուրին՝ Ռոնալդուն ապշել է, բայց հսկիչներին չի կանչել․ պարզապես տղային խնդրել է հեռանալ։

Հեծանիվով 2400 կմ ճանապարհ անցնել

Սերբ ճանապարհորդ Դրագան Շիշբալիչն իր հեծանիվով շրջում է Եվրոպայով ու հետևում սիրելի թիմի՝ «Պարտիզանի» խաղերին: Օրինակ՝ 2400 կմ նա անցել է ու հասել Մոսկվա: Ճանապարհը նրանից 15 օր է խլել: 

17 ժամ սպասել տոմսարկղի առաջ

«Յովիլ Թաունի» երկրպագու Ջեյմս Կրիժիժանովսկին 17 ժամ հերթի մեջ է կանգնել, որպեսզի գնի Անգլիայի գավաթի խաղարկության՝ 1/32 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի տոմսը: Ջեյմսը մի ամբողջ գիշեր սպասել է դրամարկղի առաջ, իսկ հետո հայտարարել է, որ չի զղջում երկար սպասման համար՝ չնայած սիրելի թիմը պարտվեց 0:2 հաշվով:

960 կմ ոտքով անցնել

«Բավարիայի» բոսնիացի երկրպագու Վահիլ Չեխայան տանից 960 կմ քայլել է դեպի «Ալյանց Արենա»: Նա 5 երկիր է անցել՝ Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Սլովենիա, Ավստրիա և Գերմանիա: Վահիլը տանից դուրս է եկել հունիսի 10-ին ու 12 օր անց հասել «Բավարիայի» մարզադաշտ: Երկրպագուն ամբողջ ճանապարհին մյունխենյան ակումբի մարզաշապիկով է եղել: Այդ ճանապարհորդությունից հետո Վահիլը 12.5 կգ քաշ է կորցրել: Հետադարձին արդեն օգտվել է ավտոբուսից:

Հիվանդ ձևանալ

«Նապոլիի» երկրպագու Ջովանի Մանիինին «Ռոմայի» դեմ խաղի տոմս չուներ: Խաղը բաց չթողնելու համար երկրպագուն ձևացրեց, թե սրտի կաթված է ստացել: Մոտակա բուժկետը դաշտի տարածքում էր: Նրան պատգարակով այնտեղ տարան: Հենց Ջովանին մարզադաշտի տարածքում հայտնվեց, արագ «առողջացավ» և վազեց տրիբունա։

Ֆուտբոլիստ ձևանալ

2000-01թթ. մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» մի անգամ ոչ թե 11 այլ 12 խաղացողով դաշտ դուրս եկավ: Իրականում խաղացողները 11-ն էին, բայց նրանց էր միացել երկրպագու Կարլ Փաուերը: Նա նախ որպես նկարհանող խմբի անդամ էր մտել մարզադաշտ, ապա հագել էր թիմի մարզահագուստն ու որպես ֆուտբոլիստ դուրս եկել դաշտ։ Հայտնի չէ, թե այդ ընթացքում ինչո՞վ էին զբաղված անվտանգության աշխատակիցները։

Համեմատաբար հեշտ տարբերակ՝ դաշտ մտնել

ՀԱՀ-Բրազիլիա ընկերական խաղի ժամանակ Նեյմարը 4 անգամ աչքի ընկավ. 3 գոլ խփեց, ապա անվտանգության աշխատակիցների ձեռքից «փրկեց» փոքրիկ երկրպագուին: Փոքրիկ տղան, դաշտ վազելով, պետք է հայտնվեր անվտանգության ծառայողների գրկում, բայց Նեյմարը հասավ օգնության: Ու դա դեռ ամենը չէր. բրազիլացիները տղային այնպես պահեցին ձեռքերի վրա, ասես հաղթել էին Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում