Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Ստոկհոլմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչների համար հաջող ստացվեց․ մրցագորգ եկած 7 ըմբիշներից 4-ը նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ:

69 կգ քաշային կարգում 32 ըմբիշների պայքարում Մալխաս Ամոյանն ու Ալբերտ Եղիկյանը, պարտության մատնելով Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին, դուրս եկան եզրափակիչ։ Հայ ըմբիշների մասնակցությամբ եզրափակչում Ամոյանն ուժեղ գտնվեց` հաղթելով 9:0 հաշվով և հռչակվելով պատանիների Եվրոպայի չեմպիոն: Եղիկյանը նվաճեց արծաթե մեդալ:

50 կգ քաշային կարգում 24 ըմբիշների պայքարին մասնակցած մեր 2 ներկայացուցիչներն ևս մրցանակակիր դարձան: Սամվել Գրիգորյանը եզրափակչում 0:9 հաշվով զիջեց վրացի ըմբիշ Գեորգի Շոթաձեին ու արժանացավ արծաթե մեդալի, իսկ Արթուր Գալստյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց Բելառուսի պատվիրակ Անդրեյ Կավալևսկուն:

Օրվա ընթացքում խաղարկված մյուս 3 քաշային կարգերում ոսկե մեդալները նվաճեցին`

42 կգ, 19 մասնակից – 1. Վլադիսլավ Կուզկո / 12. Հայկ Ասատրյան
58 կգ, 37 մասնակից – 1. Աբդուլ Սամեթ Բասար / 7. Տիգրան Մինասյան, 12. Հովհաննես Կալաջյան
85 կգ, 26 մասնակից – 1. Ալեքսանդր Կոմարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում