Լաերսիոն վերադարձել է «Բանանց»

26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստան «Բանանցի» հետ նոր պայմանագիր է կնքել: Այս մասին հաղորդում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեզ համար ուրախալի է, որ երկար մտածելուց հետո Լաերսիոն, այնուամենայնիվ, որոշեց ընդունել մեր կողմից նախապես առաջարկված պայմանները և վերադառնալ «Բանանց»: Իհարկե, ափսոսում ենք, որ թիմի լավագույն ռմբարկուն չօգնեց «Բանանցին» Եվրոպա լիգայի հանդիպումներում, սակայն ամեն դեպքում ակումբը ուրախ է նրա վերադարձի կապակցությամբ և հուսով ենք, որ Լաերսիոն իր արդյունավետ խաղով կօգնի «Բանանցին» հասնելու առաջիկա մրցաշրջանում իր առջև դրված նպատակներին»,- «Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի խոսքը մեջբերված է ակումբի պաշտոնական կայքից։

Բրազիլացի ֆուտբոլիստն իր գոհունակությունն է հայտնել «Բանանց» վերադառնալու կապակցությամբ.

«Շատ գոհ եմ, որ վերադառնում եմ «Բանանց» և կրկին այստեղ խաղալու հնարավորություն ունեմ: Հուսով եմ, որ թիմի հետ կհաջողվի նոր տիտղոսներ նվաճել»,- ասել է Լաերսիոն:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն նույնպես ուրախ է բրացիլացու վերադարձի համար. «Մեզ համար շատ կարևոր է Լաերսիոյի վերադարձը, նա գոլեր խփող հարձակվող է: Կարծում եմ ակումբի համար հաջողություն է Լաերսիոյին վերադարձնելը»,- այսպիսի կարծիք է հայտնել իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Լաերսիոն «Բանանցի» կազմում է հանդես եկել 2015/16 մրցաշրջանում՝ Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 27 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում