Հայաստանի պատվիրակների երկրորդ խումբը մեկնեց Ռիո (տեսանյութ)

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը ևս մեկնել է Ռիո: Բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնել են Ռիո, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Պատվիրակության հետ Ռիո է մեկնել նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Առաքել Միրզոյանը: Պատվիրակությունը ղեկավարում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Օլիմպիական խաղերից առաջ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է, սակայն կրկնում եմ, ինչպես Նանկինի Օլիմպիական խաղերից առաջ էլ, հիմա էլ այնպես է ստացվել, որ Օլիմպիական խաղերին կմասնակցենք գործող աշխարհի չեմպիոնով կամ մեդալակիրներով: Օլիմպիական հավաքականի կազմը համալրված է այն մարզիկներով, ովքեր իրենք են վաստակել այդ վարկանիշը, որը հույս է ներշնչում, որ այս Խաղերում մենք կունենանք մեր բաղձալի արդյունքը: Հենց մարզիչների և մարզիկների առաջարկով է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է նրանց ուսումնամարզական հավաքները»,-ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին նույն չվերթով Ռիո էին մեկնել ծանրորդները, լողորդները և աթլետները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում