Պետրոս Ավետիսյանը հանդես կգա «Փյունիկում»

«Բանանցի» 20-ամյա ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանն առաջիկա վեց ամիսների ընթացքում հանդես կգա «Փյունիկում»: «Բանանցի» և «Փյունիկի» միջև պայմանագիր է ստորագրվել ֆուտբոլիստի՝ վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին: Այս մասին հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը։ 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամայլոն հետևյալ կերպ է մեկնաբանել այս տեղափոխությունը.

«Պետրոսը ցանկանում էր ամեն շաբաթ 90 րոպե խաղալ, սակայն հիմա «Բանանցում» մեծ մրցակցություն է ֆուտբոլիստների միջև․ կան Ացամազ Բուրաևը, Լաերսիոն, Վարդգես Սաթումյանը, Վահագն Այվազյանը, Վալտեր Պողոսյանը, Էդգար Մովսիսյանը… Այս պայմաններում չեմ կարող 90 րոպե խոստանալ: Այդ պատճառով ես և ակումբը մտածեցինք, որ Պետրոսի և «Բանանցի» համար վատ չի լինի, որ նա վարձակալական հիմունքներով այլ ակումբում խաղա: Սա է իրավիճակը: Վարձակալության ժամկետը վեց ամիս է, որից հետո կորոշենք, թե ինչ անել»,- ասել է Տիտո Ռամալյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում