Շաբաթվա ամենահնչեղ տրանսֆերները

Ներկայացնում են վերջին օրերին իրականացված ամենահնչեղ տրանսֆերները։

Կրիստիան Անսալդի
«Ջենոայից» «Ինտեր», 6 մլն եվրո

Մի քանի տարի առաջ վստահաբար կարելի էր ասել, որ «Ինտեր» տեղափոխության շնորհիվ Կրիստիանը բարձրակարգ ֆուտբոլիստ կդառնա, սակայն հիմա դա առնվազն վիճելի հարց է: 29-ամյա արգենտինացին խաղաժամանակի փնտրտուքի մեջ անցյալ ամռանը «Զենիթից» տեղափոխվեց «Ջենոա»: Վարձակալության ավարտին 4 միլիոն եվրոյի դիմաց գնեցին ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի անմիջապես վաճառեն 6 միլիոնի դիմաց: Հակառակ ուղղությամբ մեկ այլ արգենտինացի շարժվեց՝ Դիեգո Լակսալտը: Պարզապես բիզնես է․․․

Կևին Գամեյրո
«Սևիլյայից» «Ատլետիկո», 32 մլն եվրո

Գամեյրոյի ռմբարկուական ունակություններն աննկատ մնացին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի աչքից, փոխարենը տրանսֆերային շուկայում նրան գնահատեց Դիեգո Սիմեոնեն: Արդյունքում ֆուտբոլիստը 32 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է Մադրիդ: Նշենք, որ «Սևիլյան» տարատեսակ բոնուսներից կարող է ևս 5 մլն ստանալ: Բացի այդ, «Ատլետիկոն» վճարում է հակառակ ուղղությամբ գնացած Լուսիանո Վյետոյի վարձավճարի ծախսերը:

Վիսսամ բեն Յեդդեր
«Թուլուզից» «Սևիլյա», 9 մլն եվրո

Այնուամենայնիվ, «Սևիլյայում» ֆրանսիացիների քանակը չփոխվեց: Ակումբում միանգամից պահուստային տարբերակ էին մտածել ու Գամեյրոյին վաճառելուց հետո կազմակերպեցին «Թուլուզի» հարձակվող Վիսսամի տեղափոխությունը: 25-ամյա ֆուտբոլիստը 2010-ից հանդես է եկել Ֆրանսիայի առաջնությունում և 174 խաղում 71 գոլ է խփել։ Գամեյրոյին փոխարինողի համար վատ վիճակագրություն չէ:

Չիրո Իմմոբիլե
«Սևիլայից» «Լացիո», 8.5 եվրոյի դիմաց

«Սևիլյայում» որոշել են ամբողջությամբ փոխել թիմի հարձակման գիծը: Յեդդերի ու Վյետոյի տեղափոխությունից հետո իտալացի հարձակվող Չիրո Իմմոբիլեի համար տեղ չմնաց: Ինչպես փորձն է ցույց տվել, Իմմոբիլեն իր ֆուտբոլը խաղում է միայն Իտալիայում կամ Իտալիայի հավաքականի մարզաշապիկով, դրա համար էլ «Սևիլյան» «Լացիոյի» հետ շատ չսակարկեց․ 8.5 միլիոն եվրո և «Տորինոյում» վարձավճարով հանդես գալուց հետո Չիրոն Հռոմ է գնում:

Ուոլլես
«Բրագայից» «Լացիո», 8 մլն եվրո

«Լացիոն» ձեռք բերեց նաև բրազիլացի պաշտպան Ուոլլեսին, ով հիանալի ելույթ է ունեցել Պորտուգալիայի առաջնությունում: 21-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայում իր դիրքում ամենահեռանկարային ֆուտբոլիստներից է:

Ադրիանո
«Բարսելոնայից» «Բեշիկթաշ», 600.000 եվրո

«Բարսելոնան» մի քանի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելուց հետո սկսեց նաև վաճառել: Ադրիանոն բարսելոնյան կարիերայի ընթացքում երբեք հիմնական կազմի խաղացող չի եղել, իսկ Լուիս Էնրիկեն նրա հետ առանձնակի հույսեր չէր կապել ու թեթև սրտով ուղարկեց Թուրքիա։

Ալեշանդրո Պատո
«Կորինտիանսից» «Վիլյառեալ», 3 մլն եվրո

Ի տարբերություն Ադրիանոյի՝ Պատոն դեռ մանկուց ամենատաղանդավոր բրազիլացի ֆուտբոլիստներից էր համարվում: 18 տարեկանում հարձակվողը փայլում էր «Միլանի» մարզահագուստով, հիմա էլ կփորձի հաջողության հասնել «Վիլյառեալում»։ 3 միլիոն եվրոյի․ ցավոք, այս թիվն իրականում արտահայտում է Պատոյի այսօրվա մարզավիճակը: 

Ջո Ալեն
«Լիվերպուլից» «Սթոք Սիթի», 15.5 մլն եվրո

Անցնող շաբաթ ԱՊԼ-ի թիմերն անսովոր պասիվ էին տրանսֆերային շուկայում: Ամենահնչեղ գործարքի հեղինակը «Սթոք Սիթին» է, որ «Լիվերպուլից» իր կազմ է հրավիրել Ջո Ալենին: Չնայած Եվրոպայի առաջնությունում Ուելսի հավաքականի կազմում ունեցած լավ ելույթներին, Յուրգեն Կլոպն Ալենին ասել էր, որ նոր մրցաշրջանում նրա հետ կապված ծրագրեր չունի:

Գոնսալո Իգուային
«Նապոլիից» «Յուվենտուս», 90 մլն եվրո

Դե ինչ, շաբաթվա ու ամառային տրանսֆերային պատուհանի դեռևս գլխավոր գործարքը կատարված է: «Յուվենտուսը» 90 մլն եվրոյի դիմաց գնեց Իգուայինին: «Նապոլին» հսկայական գումար ավելացրեց ակումբային բյուջեին, սակայն երկրպագուներն իրենց կուռքին չներեցին հակառակորդ թիմի կազմն անցնելու համար, ու նրա անունով մարզաշապիկները հայտնվեցին աղբարկղերում: Ինքը՝ Իգուայինը հայտարարեց, որ Նեապոլը լքել է առաջնահերթ նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի պատճառով: Պատմությունը խճճված է ու բարդ, բայց փաստ է, որ «Յուվենտուսը» ձևակերպեց ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում