Ռիո-2016․ Վլադիմիր Մարգարյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչներից Վլադիմիր Մարգարյանը։

69 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Վլադիմիր Մարգարյանի մրցակիցը Ֆիջին ներկայացնող Վինսթոն Հիլն էր: Մեր մարզիկը հաղթեց 3։0 (30:27, 30:27, 30:27) հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

1/8 եզրափակչում Վլադիմիրը մրցելու է կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ, ով 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է, 2008 թվականի խաղերին դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2009 թվականին՝ աշխարհի չեմպիոն: Մարգարյանի և Իգլեսիասի մենամարտը կայանալու է օգոստոսի 11-ին։

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկներից 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է մեկնարկային մենամարտում, իսկ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դեռ չեն սկսել պայքարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում