Դրամատիկ պայքարում «Ռեալը» հաղթեց «Սևիլյային» և նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (տեսանյութ)

Դրամատիկ պայքարում «Ռեալը» հաղթեց «Սևիլյային» և նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» և Եվրոպա լիգայի գավաթակիր «Սևիլյան» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարեցին Տրոնհեյմի «Լերկենդալ» մարզադաշտում։

Առաջին խաղակեսի սկզբնամասում «Ռեալի» ֆուտբոլիստներն ունեին զգալի առավելություն։ Մադրիդցիներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ 21-րդ րոպեին․ հիանալի գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն։

Բաց թողած գնդակից հետո «Սևիլյան» աստիճանաբար հավասարեցրեց խաղը և կարողացավ նախքան ընդմիջման գնալը պատասխան գոլ խփել․ 41-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանկո Վասկեսը։

Երկրորդ խաղակեսը ևս անցավ ակտիվ պայքարում։ 71-րդ րոպեին «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խախտեց Վիտոլոյի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Միլորադ Մաժիչը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Եվգենի Կոնոպլյանկան։

Վերջնամասում Ռամոսին հաջողվեց ուղղել սխալը․ 93-րդ րոպեին իսպանացի պաշտպանը վերականգնեց հաշվի հավասարությունը, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակի մեկնարկում «Սևիլյան» մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Տիմոտի Կոլոդզեյչակը։ 99-րդ րոպեին Ռամոսը ևս մեկ անգամ գրավեց Սերխիո Ռիկոյի պաշտպանած դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց ոչ թե գոլ, այլ կանոնների խախտում։ Այդուհանդերձ, Զինեդին Զիդանի թիմին հաջողվեց օգտվել թվային առավելությունից և հաղթել լրացուցիչ ժամանակում․ 119-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Կարվախալը։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ

«Ռեալ» – «Սևիլյա»՝ 3։2
Գոլերը՝ Ասենսիո 21՛, Ռամոս 90+3՛, Կարվախալ 119՛ – Վասկես 41՛, Կոնոպլյանկա 72՛/11-մետրանոց
Հեռացում՝ Կոլոդզեյչակ 93՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում