Օգսեն Միրզոյան․ Պատահական քայլելուց Առաքելի ոտքը ցավացել է

Օգսեն Միրզոյան․ Պատահական քայլելուց Առաքելի ոտքը ցավացել է

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, ապա ոտնաթաթի վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից։

Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում որդու մասնակցության և վնասվածքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Խոսել եմ Առաքելի հետ, ասաց, որ պոկում վարժության 158 կգ-ը բարձրացնելուց հետո հանգստի սենյակ գնալիս քայլելիս ոտքը ցավացել է: Պատճառը դա է եղել, ոտքն այտուցվել է, տարել են ռենտգեն են արել, ասել են՝ կոտրվածք չկա, բայց մկանները խախտվել է իրարից, հիվանդանոցում գիպս են դրել: Մինչև մրցահարթակ դուրս գալը ոչ մի խնդիր չի ունեցել Առաքելը, վարժությունը նորմալ կատարել է: Թե ինչպես է պատահել այդ պահը՝ ինձ համար էլ է անհասկանալի, Առաքելի համար էլ: Ինքն էլ չի զգացել՝ ինչպես է եղել, ինչու է եղել: Բացատրություն չկա: Ասում է՝ քայլելով գնացի, քաշը պատվիրեցի ու ոտքս սկսեց ցավալ:

Որևէ մեկին վատը չեմ ցանկանում. ուրեմն դա էլ Առաքելի բախտն էր, Առաքելի ճակատագիրն էր: Ես որևէ մեկի հետ ոչ կապում եմ նրա վնասվածքը, ոչ գրածներն եմ կարդում, ոչ քննադատություններին նշանակություն եմ տալիս, ոչ էլ ուշադրություն եմ դարձնում:

Անդրանիկ Կարապետյանին էլ ասում էին՝ ոսկե մեդալակիր է, բայց գնաց, ձեռքը դուրս ընկավ. հիմա ի՞նչ ասենք։ Մեր բռնցքամարտիկը կպավ, արնահոսության պատճառով մեկ րոպեում դուրս եկավ: Ուրիշ մեկնաբանություն չունեմ. պատահական քայլելուց ոտքը ցավացել է, պատճառը դա է եղել: Ոչ ծանրաձողն է գցել, ոչ այլ բան»,-ասել է Օգսեն Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում