Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ

Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ

Օգոստոսի 14-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 9-րդ օրը, պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը և բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արամ Ավագյանը։

Ըմբշամարտի 75 կգ քաշային կարգում հանդես են գալիս տարբեր ժամանակների աշխարհի չեմպիոններ, օլիմպիական չեմպիոններ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ, սակայն Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ունի մեդալ նվաճելու իրական հնարավորություն։ Վիճակահանության արդյունքում Արսեն Ջուլֆալակյանի հիմնական մրցակիցները` ռուս Ռոման Վլասովն ու կորեացի Կիմ Հյոն Վուն ցանցի մյուս հատվածում են, իսկ Արսենը 1/16 եզրափակչում գոտամարտելու է բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ։ Նախնական գոտեմարտերը սկսվելու են Երևանի ժամանակով 17:00-ին, իսկ եզրափակիչները` 23:00-ին:

56 կգ քաշային Արամ Ավագյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իրենց երկրորդ մենամարտներն են անցկացնելու։ 1/4 եզրափակչի ուղեգրի համար Արամը մրցելու է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանի հետ։ 1/8 եզրափակչում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը չինացի Հու Ցյանսյունն է։ Բռնցքամարտի մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 18:00-ին: 

Հարություն Մերդինյանն օրեր առաջ հաղթահարեց որակավորման փուլը և այժմ մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորություն ունի։ Եզրափակչում, որին մասնակցելու է 8 մարմնամարզիկ, Մերդինյանը խոստացել է ավելի բարդ վարժություն կատարել։ Մարմնամարզության մրցումների եզրափակիչները սկսվելու են Երևանի ժամանակով 21:00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում