Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճեց Հայաստանի երկրորդ արծաթե մեդալը։

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Միհրանը մրցեց սերբ Դավոր Շտեֆանեկի հետ։ Առաջին մրցափուլի միջնամասում Միհրանին ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, բայց հայ ըմբիշը հաջող պաշտպանվեց, իսկ հետո կարողացավ 1 միավոր վաստակել։ Երկրորդ մրցափուլում Միհրան Հարությունյանին դարձյալ պարտեր նստեցրին, իսկ Շտեֆանեկը 1 միավոր վաստակեց: Վերջնամասում մեր ըմբիշն ավելի ակտիվ էր, սակայն սերբ ըմբիշին այդպես էլ պասիվություն չտվեցին։ Գոտեմարտն ավատվեց 1։1 հաշվով, բայց վերջինը միավոր վաստակելու համար հաղթանակը շնորհվեց Շտեֆանեկին։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան վրացի Շմագի Բոլկվաձեն և ադրբեջանցի Ռասուլ Չունաևը։

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ մեկնարկային գոտեմարտում 9։0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի նկատմամբ։ 1/4 եզրափակչում Միհրանը 2։1 հաշվով հաղթել է կորեացի Լյու Հան Սյունին, իսկ կիսաեզրափակչում 4։1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ։

Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալակիր էր դարձել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում