Տրանսֆերային խելահեղություն | Ինչպե՞ս է 100 տարվա ընթացքում փոխվել տրանսֆերային շուկան

Տրանսֆերային խելահեղություն | Ինչպե՞ս է 100 տարվա ընթացքում փոխվել տրանսֆերային շուկան

«Մանչեսթեր Յունայթեդը» 105 միլիոն եվրո է վճարում, որպեսզի հետ բերի Պոլ Պոգբային: «Յուվենտուսը» տնային մարզադաշտի կառուցման համար ծախսվող գումարին համարժեք վճարում է Գոնսալո Իգուայինին իր կազմում ունենալու համար: 50 մլն եվրոյից ավելի արժեցող գործարքները դադարում են ցնցել երկրպագուներին, իսկ տրանսֆերային շուկայի գների բարձրացումը սովորական է դառնում:

Ինչպե՞ս այսպես ստացվեց, ինչո՞ւ ֆուտբոլային աշխարհը հասավ այս խելահեղությանը։ Թերթենք պատմության էջերը և փորձենք հասկանալ։

Տասնամյակների խոշորագույն տրանսֆերները

1893 թվականին Վիլլի Գրոուվզը 100 ֆունտ սթերլինգի դիմաց «Վեսթ Բրոմվիչից» տեղափոխվեց «Ասթոն Վիլա»։ Շոտլանդացի հարձակվողը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ում տրանսֆերային գումարը եռանիշ թիվ է կազմել: Դա ինչ-որ տեղ պատահական ստացվեց։ 1893-ին Գրոուվզն ինքնակամ տեղափոխվեց «Ասթոն Վիլա»՝ առանց տրանսֆերի շուրջ իր ակումբի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ համաձայնության գալու։ Արդյունքում Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան բրիմինգհեմյան ակումբին տուգանեց ու Վիլլիի տրանսֆերի համար 100 ֆունտ պահանջեց:

1905 թվականի Ալֆ Կոմոնը 1000 ֆունտի դիմաց «Սանդերլենդից» տեղափոխվեց «Միդլսբրո»։ 1904-ի ամռանն անգլիացի Կոմոնը դարպասապահ Ալբերտ Լյուիսի հետ 520 ֆունտ սթերլինգի դիմաց «Շեֆիլդ Յունայթեդից» տեղափոխվեց «Սանդերլենդ»: Կես տարի անց Ալֆը կրկին փոխեց ակումբը, բայց այս անգամ միայնակ: Նա այդ քայլով տրանսֆերային նոր ռեկորդ սահմանեց․ «Միլսբրո» տեղափոխությունն արժեցավ 1000 ֆունտ: Հարձակվողը թիմին օգնեց խուսափել ավելի ցածր հորիզոնականում հայտնվելուց և հետագա տարիներին դարձավ թիմի առաջատարը։

1914 թվականին Պերսի Դոուսոնը 2500 ֆունտ սթերլինգի դիմաց «Հարտսից» տեղափոխվեց «Բլեքբերն Ռովերս»։ Դոուսոնն անցյալ դարի «Հարտսի» լավագույն ռմբարկուն էր, սակայն 1914-ին ակումբը ստիպված էր բաժանվել իր աստղից, որովհետև «Թայնքասլ Ստեդիումի» կառուցման համար բավարար միջոցներ չուներ: Նախագծի իրականացմանն օգնեց «Բլեքբերնն» ու ֆուտբոլիստի տրանսֆերի համար 2500 ֆունտ վճարեց:

1928-ին Դևիդ Ջեքը 10.890 ֆունտ սթերլինգի դիմաց «Բոլթոնից» տեղափոխվեց «Արսենալ»։ Ջեքն 8 տարի հանդես եկավ «Բոլթոնում», ավելի քան 300 խաղի մասնակցեց, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ակումբը ստիպված էր վաճառել իր աստղին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Հերբերտ Չեմպեն բարում «Բոլթոնի» ներկայացուցիչների հետ քննարկեց տրանսֆերը։ Հերբերտը խորամանկ քայլ էր կատարել՝ իր բաժակում ջին-տոնիկի ջինը բացակայում էր, իսկ մրցակիցների բաժակներում կար․ արդյունքում Չեմպենը ֆուտբոլիստի գինը 13.000-ից իջեցրեց 10.890-ի:

1932 թվականին Բերնաբե Ֆերեյրան 32.000 պեսոյի (23.000 ֆունտ) դիմաց «Տիգրեից» տեղափոխվեց «Ռիվեր Փլեյթ»։ 1931-ին Արգենտինայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարող «Սան-Լորենսոն» «Տիգրեի» դեմ խաղի ավարտից 10 րոպե առաջ հաղթում էր 2:0 հաշվով: Պարտվող թիմի հարձակվող Բերնաբե Ֆերեյրան 8 րոպեի ընթացքում 3 գնդակ խփեց ու թիմին հաղթանակ բերեց: «Ռիվեր Փլեյթի» այդ ժամանակվա նախագահ Անտոնիո Լիբերտին այնքան էր տպավորվել Ֆերեյրայի խաղով, որ ցանկանում էր ամեն գնով ձեռք բերել նրան: 32.000 պեսոն բավական էր Ֆերեյրային աշխարհի այդ ժամանակվա ամենաթանկարժեք ֆուտբոլիստը դարձնելու համար:

1949 թվականին Էդի Կուիգլին 26.500 ֆունտ սթերլինգի դիմաց «Շեֆիլդ Ուենսդեյից» տեղափոխվեց «Պրեստոն Նորտ Էնդ»: Անգլիացի հարձակվողը հետպատերազմյան շրջանի ամենավառ ֆուտբոլիստներից էր: 12.000 ֆունտի դիմաց «Շեֆիլդ Ուենսդեյ» տեղափոխվելով՝ նա 2 տարում իր տրանսֆերային արժեքը բարձրացրեց։ 76 խաղում խփած 50 գնդակը համոզիչ փաստ էր «Պրեստոն Նորտ Էնդի» համար:

1957 թվականին Էնրիկե Օմար Սիվորին 10 մլն պեսոյի (93.000 ֆունտ) դիմաց «Ռիվեր Փլեյթից» տեղափոխվեց «Յուվենտուս»: 1957-ին Հարավային Ամերիկայի չեմպիոն հռչակված Արգենտինայի կազմում «կեղտոտ մռութներ» անունով եռյակն էր փայլում: Բրազիլիայի դեմ հաղթական եզրափակչից հետո Անտոնիո Անջելիլոն, Ումբերտո Մասկիոն և Օմար Սիվորին ամբողջությամբ կեղտի մեջ էին. դրանից էլ ստացան վերոնշյալ կեղծանունը: Երեքն էլ առաջնությունից հետո Իտալիա տեղափոխվեցին, իսկ «Յուվենտուսը» Սիվորիի համար 10 մլն եվրո պեսո վճարեց։

1968 թվականին Պյետրո Անաստազին 650 մլն լիրի (500.000 ֆունտ) դիմաց «Վարեզեից» տեղափոխվեց «Յուվենտուս»։ 1967-ին իտալական համեստ «Վարեզեն» տեղափոխեց Ա Սերիա, որտեղ հենց առաջին մրցաշրջանում փայլուն ելույթներով հաղթեց «Ինտերին», «Միլանին» ու «Յուվենտուսին»: Թիմի հարձակման գծի գլխավոր ուժն Անաստազին էր, ով անմիջապես հայտնվեց ուշադրության կենտրոնում։ «Վարեզեի» նախագահ Բորգին պայմանավորվածություն էր ձեռք բերել «Ինտերի» հետ, բայց գործարքը չիրականացավ FIAT-ի պատճառով («Յուվենտուսի» գլխավոր հովանավորը), որը Բորգիի ընկերության սառնարանների համար շարժիչներ էր տեղադրում: Արդյունքում Անաստազին տեղափոխեց Թուրին:

1976 թվականին Պաոլո Ռոսսին 1.750.000 ֆունտի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվեց «Վիչենցա»։ Դեռևս 20 տարեկանում «Ոսկե գնդակի» ապագա հավակնորդը կլորիկ գումարի դիմաց վաճառվեց Բ Սերիայում հանդես եկող «Վիչենցային»: Մի քանի մրցաշրջան անց «Վիչենցան» նորից անկում ապրեց, բայց այս անգամ առանց Ռոսսիի: 1979-ին նա 2 տարով որակազրկվեց ու մի քանի ամիս կալանքի տակ անցկացրեց բուքմեյքերական խարդախության համար: 

1987 թվականին Ռուդ Գուլիտը 6.000.000 ֆունտի դիմաց ՊՍՎ-ից տեղափոխվեց «Միլան»։ Համաշխարհային ֆուտբոլում ամենահիշարժան սանրվածքներից մեկն ունեցող Գուլիտը 25 տարեկանում արժանացել էր աշխարհի լավագույն ակումբների ուշադրությանը: Նրա տեղափոխության համար «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնեց այդ ժամանակվա համար ռեկորդային 6 մլն ֆունտ ներդնել: «Միլանի» կազմում Գուլիտը տասնյակ գավաթներ նվաճեց, իսկ 1987-ին արժանացավ «Ոսկե գնդակի»:

1999-ին Կրիստիան Վիերին 32 մլն ֆունտի (45 մլն եվրո) դիմաց «Լացիոյից» տեղափոխվեց «Ինտեր»։ 1999-ին «Ինտերի» սեփականատեր Մասսիմո Մորատին իրականացրեց մինչև այսօր միլանյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը: Կրիստիանն իսկապես արժանի էր վճարված 32 միլիոնին: 6 տարիների ընթացքում իտալացին իր երկրպագուներին երջանկացրեց հաջող խաղով ու գնդակներով: Նա անհատական բազմաթիվ մրցանակների արժանացավ և 144 խաղում 103 գնդակ խփեց: 

Այժմ ներկայացնենք ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերները

23. Գաիսկա Մենդյետան 2001-02թթ. 48 մլն եվրոյի դիմաց «Վալենսիայից» տեղափոխվեց «Լացիո»: Նա երկու դարերի միջև ընկած ժամանակահատվածում երկու անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած Հեկտոր Կուպերի «Վալենսիայի» առաջատարն էր: Երկու տարի անընդմեջ ՈւԵՖԱ-ի լավագույն կիսապաշտպան ճանաչված ֆուտբոլիստի համար «Լացիոն» չվարանեց 48 մլն վճարել, սակայն Գաիսկան Ա Սերիայում չկարողացավ արդարացնել իրեն ու ցույց չտվեց առաջնորդի իր որակները:

22. Ալեքս Տեյշեյրան 2015-16թթ. 50 մլն եվրոյի դիմաց «Շախտյորից» տեղափոխվեց «Ցզյանսու Սունին»: Բրազիլացին եվրոպական մի շարք առաջատար ակումբների ուշաադրության կենտրոնում էր, սակայն «Շախտյորը» մտադիր էր հնարավորինս շահույթ ստանալ գործարքից և Չինաստանի ստացած 50 մլիոնանոց առաջարկը գոհացրեց ակումբի ղեկավարությանը:

21. Ջանլուիջի Բուֆֆոնը 2001-02թթ. 52.88 մլն եվրոյի դիմաց «Պարմայից» տեղափոխվեց «Յուվենտուս»: 15 տարի առաջ թուրինյան ակումբը 23-ամյա Բուֆֆոնի համար 53 մլն վճարեց ու իտալացուն դարձրեց պատմության ամենաթանկարժեք դարպասապահը: Ի դեմս Բուֆֆոնի՝ թուրինյան ակումբը ձեռք բերեց պատմության լավագույն դարպասապահներից մեկին:

20. Էրնան Կրեսպոն 2000-01թթ. 55 մլն եվրոյի դիմաց «Պարմայից» տեղափոխվեց «Լացիո»: Արգենտինացին «Պարմայի» կազմում դարձավ ՈւԵՖԱ-ի գավաթակիր, նա թիմում գրոհների եզրափակողն էր: Ֆուտբոլիստին գնելու պայքարում ամենաակտիվը «Լացիոն» էր ու 55 միլիոնի դիմաց հասավ նպատակին: Կրեսպոն նոր ակումբին չհիասթափեցրեց ու հենց սկզբից 26 գնդակով դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն: Հռոմում անցկացրած 2 տարիների ընթացքում նա 48 գնդակ խփեց, ապա տեղափոխվեց «Ինտեր»:

19 և 18. Հալկը 2015-16թթ. 55.8 մլն եվրոյի դիմաց «Զենիթից» տեղափոխվեց «Շանհայ ՍԻՊԳ», իսկ մինչ այդ՝ 2012-ին, բրազիլացու՝ Ռուսաստանի առաջնություն տեղափոխությունն իսկական իրարանցում առաջացրեց: «Զենիթն» այդ տրանսֆերի համար 55 մլն է ներդրել: 

17. Ֆերնանդո Տորրեսը 2010-11թթ. 58.5 մլն եվրոյի դիմաց «Լիվերպուլից» տեղափոխվեց «Չելսի»: «Լիվերպուլում» Տորրեսն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից էր: Արագությունը, ուժն ու նատակային հարվածները, «երկրորդ հարկի» խաղն ամփոփված էին այդ ֆուտբոլիստի մեջ, իսկ ահա «Չելսի» տեղափոխվելուց հետո բոլորը քննադատեցին Տորրեսի խաղը։ Այդ տեղափոխությունը ոչ միայն ամենաթանկ, այլև ամենաձախողված տրանսֆերներից մեկն է։

16. Ռադամել Ֆալկաոն 2013-14թթ. 60 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Մոնակո»: 4 տարի անընդմեջ կոլումբիացին ամեն մրցաշրջանում 30-ից ավելի գնդակ խփեց, միևնույն հաջողությամբ ելույթ ունեցավ թե՛ «Պորտուի», թե՛ «Ատլետիկոյի» կազմում: Դրա համար էլ, երբ նրա տրանսֆերի համար 60 մլն եվրո առաջարկեցին, որևէ մեկը չզարմացավ: Զարմացրեց գնորդը՝ «Մոնակոն»: Ֆրանսիայում հարձակվողը վնասվածք ստացավ ու ապաքինումից հետո կարիերան սկսեց անկում ապրել:

15. Լուիշ Ֆիգուն 2000-01թթ. 60 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ռեալ»: Կատալոնիայի կուռքն անսպասելիորեն տեղափոխվեց թշնամի ակումբ: Այդ տրանսֆերը ֆուտբոլի պատմության ամենասկանդալային դեպքերից մեկն է: «Բարսելոնայի» երկրպագուները պորտուգալացուն Հուդա էին անվանում, իսկ «Ռեալի» կազմում «Կամպ Նոուի» առաջին խաղում նրան սուլոցներով ու դաշտ նետված խոզի գլխով դիմավորեցին:

14. Ռահիմ Սթերլինգը 2015-16թթ. 62.5 մլն եվրոյի դիմաց «Լիվերպուլից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Սթերլինգը «Լիվերպուլի» առաջատարներից մեկը դառնալու բոլոր հնարավորություններն ուներ, բայց նախընտրեց «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել: 

* 13․ Ներկայացված է ստորև՝ Անխել դի Մարիա։

12. Էդինսոն Կավանին 2013-14թթ. 64.5 մլն եվրոյի դիմաց «Նապոլիից» տեղափոխվեց «ՊՍԺ»: Իտալիայում հաջող ելույթներից հետո Կավանին հայտնվեց գերակումբների ուշադրության կենտրոնում, իսկ «ՊՍԺ»-ի 64.5 մլն եվրոյանոց առաջարկը դժվար էր մերժել: 

11. Կական 2009-10թթ. 65 մլն եվրոյի դիմաց «Միլանից» տեղափոխվեց «Ռեալ»: Մադրիդ տեղափոխվելու պահին Կական աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից էր, սակայն նոր ակումբում նա այդպես էլ չփայլեց։

10. Զլատան Իբրահիմովիչը 2009-10թթ. 69.5 մլն եվրոյի դիմաց «Ինտերից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Թվում էր՝ կատալոնական ակումբի համար շատ շահավետ գործարք է: Սկզբում շվեդ ֆուտբոլիստը բավականին տպավորիչ ու համոզիչ ելույթներ էր ունենում, բայց հետո ամեն ինչ փոխվեց: Պեպ Գվարդիոլայի հետ տարաձայնությունների արդյունքում Իբրան հաջորդ մրցաշրջանը «Միլանում» սկսեց: 

9. Զինեդին Զիդանը 2001-02թթ. 73.5 մլն եվրոյի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ»: 29-ամյա ֆուտբոլիստի համար նման գումարը կարող է ֆանտաստիկ թվալ, եթե խոսքը Զիդանի պես մարզիկի մասին չէ: Երկար ժամանակ այդ տրանսֆերը ռեկորդային էր համարվում պատմության մեջ: 5 տարիների ընթացքում նա «Ռեալի» առաջատարներից էր, իսկ հիմա փորձում է հնարավորինս փայլել մարզչական պաշտոնում։

8. Քևին դե Բրյունեն 2015-16թթ. 74 մլն եվրոյի դիմաց «Վոլֆսբուրգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: 2014-15թթ. մրցաշրջանում բելգիացին իր խաղով իսկական իրարանցում առաջացրեց «Վոլֆսբուրգում»: Նա Բունդեսլիգայի լավագույն փոխանցումներ կատարողը դարձավ ու թիմի հետ նվաճեց Գերմանիայի գավաթը: Ակումբը մտադիր էր պահել ֆուտբոլիստին, բայց «Մանչեսթեր Սիթիի» համար ռեկորդային՝ 74 մլն արժողությամբ առաջարկն իր գործն արեց։

7 / 13․ Անխել Դի Մարիան 2014-15թթ. 75 մլն եվոյի դիմաց «Ռեալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին մոտ «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացան համաձայնության գալ և 75 մլն եվրոյի դիմաց իրականացնել գործարքը: Այդ տրանսֆերը ռեկորդային էր Անգլիայի պատմության մեջ, սակայն ԱՊԼ-ում արգենտինացին չկարողացավ դրսևորել իրեն, և հաջորդ ամռանը նա 63 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «ՊՍԺ»:

6. Խամես Ռոդրիգեսը 2014-15թթ. 75 մլն եվրոյի դիմաց «Մոնակոյից» տեղափոխվեց «Ռեալ»: Մունդիալ 2014-ում տպավորիչ ելույթներից հետո կոլումբիացու համար պայքար սկսվեց եվրոպական գերակումբների շրջանում: Ամեաիրական գնորդը «Ռեալն» էր, «Մոնակոն» 75 մլն ստացավ ֆուտբոլիստի համար:

5. Լուիս Սուարեսը 2014-15թթ. 81.72 մլն եվրոյի դիմաց «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Ուրուգվայցին ամբողջ ուժով թիմին առաջ էր տանում ԱՊԼ-ում, բայց Մունդիալ 2014-ից հետո պաշտոնապես հայտարարեց «Բարսելոնա» տեղափոխության մասին: Սուարեսի խոսքով՝ «Լիվերպուլն» ամեն հնարավոր բան արել է իրեն ակումբում պահելու համար, բայց նրա ու ընտանիքի՝ Իսպանիա տեղափոխվելու ցանկությունն ավելի մեծ է եղել։

4. Նեյմարը 2013-14թթ. 88.2 մլն եվրոյի դիմաց «Սանթոսից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Այս տրանսֆերն իսպանական իրավապահների քննարկման առարկան դարձավ: Սկզբում լուրեր տարածվեցին, որ կատալոնացիները տրանսֆերի համար 57 միլիոն են ներդրել, որի մի մասը տրամադրվել էր ֆուտբոլիստի հոր ընկերությանը: 2014-ի հունվարին «Բարսելոնայի» ղեկավարությունը հայտարարեց, որ տրանսֆերն ավելի քան 80 մլն է արժեցել: Նրանք ստիպված էին որպես հարկ ևս 13.5 մլն վճարել այն բանի դիմաց, որ թաքցրել էին տրանսֆերի իրական արժեքը։

3. Գոնսալո Իգուայինը 2016-17թթ. մրցաշրջանից առաջ 90 մլն եվրոյի դիմաց «Նապոլիից» տեղափոխվեց «Յուվենտուս»: Նեապոլում նրան աստվածացնում ու երկրորդ Մարադոնա էին կոչում, իսկ շաբաթներ առաջ բոլորին շոկի ենթարկեց Իգուայինի տեղափոխության մասին լուրը: Իգուայինը բացատրեց, որ չի ցանկանում միևնույն ակումբում լինել նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ: Վերջինս էլ Գոնսալոյին դավաճան ու դերասան անվանեց։

2. Կրիշտիանու Ռոնալդուն 2009-10թթ. 94 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ»: Այս տրանսֆերի շուրջ հսկայական իրարանցում էր առաջացել: Տրանսֆեր, որը պորտուգալացի ֆուտբոլիստին համաշխարհային գերաստղ դարձրեց, իսկ «Ռեալը» գերազանցեց սեփական ռեկորդը․ 8 տարի առաջ մադրիդցիները ռեկորդային գումար էին վճարել Զինեդին Զիդանին գնելու համար: 

1. Գարեթ Բեյլը 2013-14թթ. 101 մլն եվրոյի դիմաց «Տոտենհեմից» տեղափոխվեց «Ռեալ»: Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխությունը Ֆլորենտինո Պերեսին ստիպեց կտրուկ գործողությունների դիմել, և նա նախապատվությունը տվեց Ուելսի և «Տոտենհեմի» առաջատարին: Անգլիական ակումբի նախագահ Դանիել Լևին հասկանում էր, որ թելադրողն ինքն է, արդյունքում «Ռեալը» համաձայնեց կրկին գերազանցել իր իսկ սահմանած տրանսֆերային ռեկորդը։ 

Booom. Պոլ Պոգբան 2016-17թթ․ մրցաշրջանի մեկնարկից առաջ 105 մլն եվրոյի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղից ժամանակին անվճար էր հեռացել։ Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը դեռևս ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկա տարիներին նման թվերը չեն զարմացնելու ֆուտբոլասերներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում