Ռիո-2016․ Գառնիկ Մնացականյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

Ռիո դե Ժանյերոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկել են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները։

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանը մեկնարկային գոտեմարտում 0։13 հաշվով զիջեց իրանցի Հասան Ռահիմիին։ Եթե վերջինս հասներ եզրափակիչ, Մնացականյանը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար։

1/4 եզրափակչում աշխարհի նախկին չեմպիոն Ռահիմին 6։1 հաշվով հաղթեց ռուս Վիկտոր Լեբեդևեին, սակայն կիսաեզրափակչում 5։10 հաշվով զիջեց Ճապոնիայի ներկայացուցիչ Ռեյ Հիգուչիին։ Այսպիսով՝ Գառնիկ Մնացականյանի համար Օլիմպիական խաղերն ավարտված են։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանն ունի ևս 3 ներկայացուցիչ․ օգոստոսի 20-ին պայքարի դուրս կգա 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, իսկ մրցումային վերջին օրն իրենց գոտեմարտերը կանցկացնեն 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում