«Փյունիկն» առաջին հաղթանակը տոնեց

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Գանձասար Կապանին»։

Հանդիպման արդեն 13-րդ րոպեին կապանյան թիմը մնաց 10 հոգով․ երկու դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Կլաուդիո Մարինը։ Խաղակեսի վերջնամասում՝ 37-րդ րոպեին, «Փյունիկն» առաջ անցավ հաշվի մեջ․ աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը։ Երկրորդ խաղակեսում «Փյունիկին» հաջողվեց ևս երկու գոլ խփել․ 86-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էրիկ Պետրոսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 93-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Այսպիսով՝ «Փյունիկն» այս առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց և այժմ 3 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ «Գանձասար Կապանը» մնաց երրորդ տեղում՝ ակտիվում ունենալով 4 միավոր։ 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն

«Փյունիկ» – «Գանձասար Կապան»՝ 3։0
Գոլերը՝ Առաքելյան 37՛, 90+3՛/11-մետրանոց, Պետրոսյան 86՛
Հեռացում՝ Մարին 13՛

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում