Էդգար Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսի վերջին օրը 98 մասնակիցները վիճարկեցին 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգերի մեդալները:

Պայքարի դուրս եկած Հայաստանի երեք ըմբիշներից երկուսը իրավունք ստացան պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն միայն 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանին հաջողվեց դառնալ մեդալակիր՝ կրկնելով անցյալ տարվա հաջողությունը: Էդգար Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Պավել Ռուդակովին, ապա 1:10 հաշվով զիջեց թուրք Օսման Յըլդըրըմին։ Վերջինս հասավ եզրափակիչ, և Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացրեց՝  8:0 և 5:0 հաշվով հաղթելով համապատասխանաբար՝ ուկրաինացի Վասիլի Վելիչկոյին և կանադացի Նոլան Տերանչին։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Էդգարի մրցակիցը այս տարվա երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, ռուս Նիկոլայ Իզմայիլովն էր, ում մեր ըմբիշը հաղթեց 8:2 հաշվով: 

66 կգ քաշային կարգում հանդես եկող պատանիների 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթեց հնդիկ Ռավինդեր Ռավինդերին (5:0) և Սլովակիայի պատվիրակ Լեոս Դրմոլային (9:0), իսկ քառորդ եզրափակչում 1:6 հաշվով պարտվեց ղազախստանցի Կախարման Կիսիմեթովիմ, ով հասավ եզրափակիչ, իսկ Մալխաս Ամոյանը, սփոփիչ գոտեմարտում 10:0 հաշվով պարտության մատնելով բուլղարացի Դեյվիդ Դիմիտրովին, իրավունք ստացավ բրոնզե մեդալը վիճարկելու ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի հետ գոտեմարտում: Ցավոք, Մալխասը պարտվեց 2:3 հաշվով։

55 կգ քաշային կարգում, որի 20 մասնակիցների թվում 3 հայազգի ըմբիշ կար, Հայաստանի պատվիրակ Էդգար Թամազյանին չհաջողվեց միջամտել մրցանակային տեղերի համար մղվող պայքարին: Էդգարը 1/8 եզրափակչում Թուրքիայի պատվիրակ Էկրեմ Օզթուրքին 6:3 հաշվով հաղթելուց հետո քառորդ եզրափակչում 0:8 հաշվով պարտվեց Նուզուրբեկ Թոփչիբաևին:

Այս քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Արթուր Պետրոսյանը1/8 փուլում 1:2 հաշվով պարտվեց իրանցի Մեյսամ Դալխանիին, իսկ 2016 թվականի երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, Ուկրաինան ներկայացնող Ժորա Աբովյանը 1/8 փուլում 0:8 հաշվով պարտվեց ճապոնացի Յո Նամբային, վերջինս հասավ եզրափակիչ։ Աբովյանը սփոփիչ փուլում 12:2 հաշով հաղթեց հնդիկ ըմբիշ Կումար Ռաջին ու իրավունք ստացավ բրոնզե մեդալը վիճարկելու, սակայն պարտվեց իրանցի Մեյսամ Դալխանիին

Հետևեք մեզ նաև Telegram-ում