Արթուր Ոսկանյան․ «Բանանցը» միշտ պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար

«Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նոր պաշտոնի անցնելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Երկար տարիներ է՝ աշխատում եմ «Բանանցում», եղել եմ գլխավոր մարզչի օգնական, վերջին երկու-երեք տարին աշխատել եմ «Բանանց-2»-ում ու լավ եմ հասկանում, թե ինչ պատասխանատվություն է դա: Կարծում եմ, որ «Բանանցը» Հայաստանի լավագույն ակումբն է՝ իր պայմաններով և մանկապատանեկան դպրոցով: «Բանանցը» միշտ պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար և վատագույն արդյունքը պետք է լինի երկրորդ կամ երրորդ հորիզոնականը: Այս ամենից ելնելով՝ հասկանալի է, թե ինչ մեծ պատասխանատվություն է լինել «Բանանցի» գլխավոր մարզիչը, և մենք պետք է փորձենք թիմը միշտ պահել բարձր հորիզոնականներում»,-Արթուր Ոսկանյանի խոսքը մեջբերված է ակումբի պաշտոնական կայքից։

-Ի՞նչ մոտեցումներ և պլաններով եք ստանձնում այս պաշտոնը: Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է ակնկալեն ֆուտբոլասերները:

-Երկար տարիներ աշխատելով «Բանանց-2»-ում՝ ինչ-որ արդյունքի հասել ենք թիմային ֆուտբոլի հաշվին: Նույն կերպ պետք է ձգտենք, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները եթե ոչ այսօր, ապա արդեն վաղը համալրեն «Բանանցի» շարքերը: Պետք է ձգտենք, որ նույն թիմային ֆուտբոլը, որը խաղում է «Բանանց-2»-ը, խաղա նաև «Բանանցը»:

-Դուք նշում էիք, որ «Բանանց-2»-ում կան ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են խաղալու Բարձրագույն խմբում: Որքա՞ն արագ են լինելու այդ փոփոխությունները:

-Փոփոխություններ կլինեն, բայց պետք է հաշվի առնենք, որ «Բանանցում» արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր կունենան իրենց հնարավորությունը: Հետագայում արդեն, ելնելով ակումբի փիլիսոփայությունից, կգերակշռեն հայ երիտասարդ ֆուտբոլիստները: Ակումբի ղեկավարության հետ հենց առաջին զրույցը եղել է հենց այդ մասին, որ ամենակարևորն է, որ թիմում գերակշռեն երիտասարդ հայ ֆուտբոլիստները: Դա տեղի կունենա ոչ շատ արագ, ոչ հենց այսօր, սակայն արդեն ձմռանը «Բանանց-2»-ի շատ ֆուտբոլիստներ կհամալրեն «Բանանցը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում