Ռամալյո․ «Բանանցին» ցանկանում եմ միայն հաջողություններ

«Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Facebook-յան գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել երևանյան ակումբում աշխատելու ժամանակաշրջանի համար։

«Այսօր, երբ ակումբի հետ ստորգարեցինք բոլոր համապատասխան փաստաթղթերը, կարող եմ պաշտոնապես հայտնել, որ դադարում եմ լինել «Բանանցի» գլխավոր մարզիչը: Ինձ հետ աշխատող մարզչական շտաբը նույնպես դադարեցնում է իր գործունեությունն ակումբում:

Մոտավորապես մեկ տարի առաջ էր, երբ հրավիրվեցի միանալու սպորտային առումով հետաքրքիր, գայթակղիչ և համարձակ մի նախագծի: Այսօր կարող եմ վստահեցնել, որ արժեր այդ ամենի մասը կազմել:

Պետք է շնորհակալություն հայտնեմ շատ մարդկանց, որոնց շնորհիվ այս փորձը դրական հետք է թողել իմ կյանքում: Իհարկե, դժվար է բոլորին մեկ առ մեկ նշել, սակայն կցանկանայի առանձնացնել մի քանիսին՝ ակումբի բաժնետերեր Ջիվան Չելոյանցին և Օլեգ Մկրտչյանին, ինչպես նաև Խուանխո Վիլային, Վալերի Կարպինին, Ռոման Ասխաբաձեին և Հրաչ Աղաբեկյանին: Բնականաբար, չեմ մոռանում նաև Բանանցի ողջ «ընտանիքին», որը մեր հանդեպ միշտ անչափ ուշադիր էր: Հատուկ ջերմությամբ ցանկանում եմ առանձնացնել ակումբի մարզաբազայի ողջ աշխատակազմին, ովքեր օգնում էին մեզ բոլոր հարցերում, ինչի շնորհիվ մեր կյանքը բավականին հեշտացավ: Շնորհակալություն իմ ֆուտբոլիստներին, հայկական ֆուտբոլին և դրա մասը կազմող հյուրընկալ ու բարեհամբույր մարդկանց:

Եվ վերջում շնորհակալություն եմ հայտնում ինձ ընկերակցող իսպանական մարզչական շտաբի անդամներին՝ Նանդոյին, Լոիսին, Մայկլին, Լուիսին, Պաբլոյին, Կառլոսին և Չիմոյին, որոնք իմ կողքին էին և աշխատում էին հանուն առաջընթացի:

Այժմ ես ցանկանում եմ միայն հաջողություններ մաղթել «Բանանցին» և դրա մասը կազմող բոլոր մարդկանց: Ինձ համար մեծ հաճույք էր լինել այս ակումբի անդամը:

Եվ իհարկե, երբ կյանքում մի փուլն ավարտվում է, սկսվում է մեկ ուրիշը…»,- նշել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Տիտո Ռամալյոն որպես «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնոմ աշխատեց 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում