Վահե Գևորգյանը՝ «Բանանց-2»-ի գլխավոր մարզիչ

«Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Վահե Գևորգյանը: Նրա մարզչական շտաբում ընդգրկվել են Կարեն Սիմոնյանն ու Վաղինակ Շահնազարյանը: Վահե Գևորգյանն Արթուր Ոսկանյանի գլխավորած մարզչական շտաբում «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի օգնականն էր: Նա կշարունակի մարզչի օգնականի պարտականությունները նաև «Բանանցի» առաջին թիմում: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից։

Մարզչական Ա կատեգորիայի արտոնագիր ունեցող մասնագետը «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է մանկապատենական ֆուտբոլում կատարած արդյունավետ աշխատանքից հետո: 2008-ից 2013 թվականներին Վահե Գևորգյանն աշխատել է «Փյունիկի» մանկապատանեկան դպրոցում, իսկ 2013 թվավականից «Բանանցի» ակադեմիայի մարզիչ է: Նրա գլխավորած մանկապատանեկան թիմերը բազմիցս դարձել են Հայաստանի չեմպիոններ:

Վահե Գևորգյանը «Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ գիտակցում է, թե որքան կարևոր և պատասխանատու գործ է իրեն վստահված.

««Բանանցի» մարզադպրոցը թերևս լավագույնն է Հայաստանում, իսկ «Բանանց-2»-ը հանդիսանում է այդ մարզադպրոցի սաներին գլխավոր թիմ ուղղորդող դարբնոցի վերջին կանգառը, որտեղ գտնվում են ամենաշնորհալի պատանի ֆուտբոլիստները: Բացի առաջին թիմի համար անհատներ պատրաստելուց կարևորում եմ նաև հստակ խաղային ձեռագիրն ու արդյունքը, որոնք վերջին տարիներին դրսևորվում էին Արթուր Ոսկանյանի գլխավորած մարզչական շտաբի աշխատանքի արդյունքում: Այս տարի թե՛ խաղային ձեռագիրը, թե՛ արդյունքը միայն գովեստի խոսքերի են արժանի: Այս ամենը վկայում է մի բանի մասին. բացի մարզչական կարիերայումս առաջ քայլ կատարելուց, ես նշանակվել եմ ակումբում ամենապատասխանատու պաշտոններից մեկում: Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ինձ այդ չափազանց կարևոր և պատասխանատու գործը վսհահելու համար: Վստահ եմ, որ կարդարացնեմ սպասելիքները»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում